Հոդված 24. Լիազոր պետական մարմնի լիազորությունները
Հոդված 24. Լիազոր պետական մարմնի լիազորությունները
1. Լիազոր պետական մարմինը`
1) հսկողություն է իրականացնում իր ենթակայության պետական թանգարանների գործունեության նկատմամբ.
2) վարում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը)՝ Կառավարության սահմանած կարգով.
3) հաստատում է պետական թանգարանների զարգացման հայեցակարգերը, ծրագրերը, հիմնական ցուցադրության գիտական պլանը և գեղարվեստական նախագծերը.
4) հսկողություն է իրականացնում թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության կանոնների նկատմամբ՝ մասնագիտական հանձնաժողովների միջոցով.
5) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, անտնտեսվար պահվող մշակութային արժեքների և հավաքածուների՝ պետական թանգարաններ մշտական պահպանության հանձնումը.
6) սահմանում է թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման չափանիշները և ապահովում դրանց ամրակայումը և վերականգնումը.
7) սահմանում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները.
8) սահմանում է իր ենթակայության թանգարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.
9) կազմակերպում է թանգարանի աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման, համակարգի զարգացման ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը.
10) հաստատում է թանգարանների ֆոնդային-գնահատող հանձնաժողովի աշխատակարգի օրինակելի ձևը.
11) հսկողություն է իրականացնում թանգարաններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.
12) հաստատում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը.
13) հաստատում է պետական թանգարանների, արգելոց-թանգարանների հիմնական ցուցադրության այցելության տոմսերի, մասնագիտական լուսանկարման, տեսագրման, անվճար օգտվողների և թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկերը և սակագները, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.
14) հաստատում է արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգը.
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքներ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում.
16) սահմանում է թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության և ժամանակավոր պահպանության ընթացակարգը և պայմանակարգը.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պահպանության նկատմամբ հսկողություն.
18) հաստատում է թանգարանային առարկաները և հավաքածուները վերականգնողի որակավորման կարգը և չափորոշիչները.
19) հաստատում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուներում և Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների տարահանման և դրանց պաշտպանության կարգը.
20) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման կարգը.
21) սահմանում է պետական և համայնքային թանգարանների հավաքածուի հասանելիության ապահովման կարգը.
22) հաստատում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման, պահպանության, անվտանգության, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման կարգը.
23) հաստատում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման կարգը.
24) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական թանգարանային հավաքածուի համալրման կարգը.
25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։