Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 10. Հիվանդությունների իմունականխարգելման պետական քաղաքականությունը, կազմակերպումը և իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Հիվանդությունների իմունականխարգելման պետական քաղաքականությունը, կազմակերպումը և իրականացումը

1. Իմունականխարգելումը կազմակերպվում և իրականացվում է համաձայն իմունականխարգելման ազգային ծրագրի, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով հիվանդությունների և պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և տրամադրման կարգը:

2. Իմունականխարգելումն իրականացվում է իմունականխարգելման ենթակա անձանց՝ ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ պլանային, ըստ հանրային առողջապահական նորմատիվների՝ համաճարակաբանական ցուցումով, ինչպես նաև կամավոր և վճարովի հիմունքներով։

3. Իմունականխարգելման ոլորտում պետությունը երաշխավորում է՝

1) պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված կամ համաճարակաբանական ցուցումով պատվաստումների հասանելիությունը և մատչելիությունը՝ դրանց իրականացումը բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում՝ պետության երաշխավորած անվճար պայմաններով.

2) իմունականխարգելման անվտանգությանն ուղղված միջոցառումները՝ պետական վերահսկողության, շարունակական դիտարկման, բուժաշխատողների վերապատրաստման և շարունակական կրթման, բնակչությանն իմունականխարգելման վերաբերյալ լիարժեք, հավաստի և մատչելի տեղեկատվությամբ ապահովման միջոցով.

3) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով պատվաստումների կատարման համար անհրաժեշտ պատվաստանյութերով ապահովումը:

4. Իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կառավարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի և բժշկական հակացուցումների ցանկն ու դրանց վարման պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների:

5. Օտարերկրյա պետությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ունեցողների, ներկայացվում է պարտադիր պատվաստման պահանջ, եթե այն Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով հրապարակել է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի պաշտոնական կայքում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելու օրվանից առնվազն 10 օր առաջ: Մինչև պաշտոնական հրապարակման 10-րդ օրը օտարերկրյա պետությունից ժամանող կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պարտադիր պատվաստումը կատարվում է Հայաստանի Հանրապետության երաշխավորած անվճար պայմաններով՝ Կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։