Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 14. Հանրային առողջապահական ընդհանուր պահանջները հիվանդությունների կանխարգելման բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Հանրային առողջապահական ընդհանուր պահանջները հիվանդությունների կանխարգելման բնագավառում

1. Հիվանդությունների դեպքերը ենթակա են հաշվառման և հաղորդման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ցանկը, դրանց ստանդարտ բնորոշումները հաստատվում և դրանց հաշվառումն ու հաղորդումն իրականացվում են Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած հանրային առողջապահական նորմատիվների համաձայն:

2. Հիվանդությունների դեպքերի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ իրադարձությունների արձանագրման ժամանակ իրականացվում են դեպքի կամ օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների:

3. Հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման, տարածման, կանխման ու վերացման նպատակով Լիազոր մարմինը (այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով), տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունները, հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան, սույն օրենքի 7-9-րդ հոդվածներով և այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետևյալ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումները.

1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ հիվանդության օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.

3) բժշկական զննության իրականացում.

4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.

5) կոնտակտավորների, ինչպես նաև վարակակիրների՝ սույն մասի 3-րդ կետով սահմանված բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.

6) Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները, հիվանդության դեպքն արձանագրող այլ իրավաբանական անձինք կամ մարմինները, հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան, տեղեկացնում են Լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.

7) վարակի կասկածով անձանց, ինչպես նաև վարակակիրների, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.

8) վարակի կասկածով անձանց, ինչպես նաև հնարավոր վարակակիրների, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

9) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման ապահովում:

4. Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթակա անձն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում՝ նաև այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա նշած անձին:

6. Անձի` սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման միջոցառումների) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

7. Ելնելով համաճարակային իրավիճակից՝ Կառավարության որոշմամբ կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը, եթե տվյալ երկրից մուտք գործող անձինք չունեն համապատասխան պատվաստում կոնկրետ հիվանդության դեմ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանակավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված երաշխիքները:

9. Հիվանդությունների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, այլ զորքերի զորամասերում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կարող են իրականացնել համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։