Հոդված 17. Կարանտին սահմանելը
Հոդված 17. Կարանտին սահմանելը
1. Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց առաջացման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ իրադարձությունների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:
2. Կարանտին սահմանելու մասին որոշումը Լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում են`
1) Կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ կարանտինային գոտում երկու կամ ավելի մարզ (ներառյալ մեկ կամ ավելի մարզ և Երևան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում.
2) մարզպետը` Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում.
3) Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ Երևան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում:
3. Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ նշվում են նաև՝
1) կարանտին սահմանելու հիմքերը և հիմնավորումները.
2) կարանտինային գոտու սահմանները.
3) կարանտին սահմանելու ժամկետը.
4) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը.
5) անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները՝ հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու և կարանտինի ժամանակ անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երևանի քաղաքապետին:
5. Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է Լիազոր մարմնի կողմից համապատասխան առաջարկությունը Կառավարություն կամ կարանտին սահմանելու իրավասություն ունեցող անձանց ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:
6. Կարանտին սահմանելու վերաբերյալ Լիազոր մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում կարանտին չհայտարարվելու դեպքում մարզպետը կամ Երևանի քաղաքապետը Լիազոր մարմին և Կառավարություն են ներկայացնում կարանտին չհայտարարելու վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում:
7. Կարանտին չհայտարարելու վերաբերյալ պատճառաբանված հիմնավորման գնահատման արդյունքով սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված վայրերում Լիազոր մարմնի առաջարկությամբ Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել կարանտին: