Հոդված 21. Մեկուսացումը կամ օբսերվացիան
Հոդված 21. Մեկուսացումը կամ օբսերվացիան
1. Մեկուսացման կամ օբսերվացիայի գրավոր հրահանգը տրվում է Լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից:
2. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման կամ օբսերվացիայի պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձի պահանջով մեկուսացում կամ օբսերվացիա կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման կամ օբսերվացիայի մասին անհապաղ տեղեկացնել նրա նշած անձին:
3. Մեկուսացման կամ օբսերվացիայի շրջանակներում անձի` բժշկական հետազոտության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով:
4. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի զինծառայողներին (աշխատողներին) մեկուսացման կամ օբսերվացիայի հրահանգը, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մարմիններից, կարող է տրվել նաև համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով:
5. Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացված կամ օբսերվացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ազգային անվտանգության ծառայության տված հրահանգների: Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք իրենց լիազորությունների շրջանակում պարտավոր են աջակցել Ոստիկանությանը: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:
6. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի զինծառայողների (աշխատողների) մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքում անձը պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած մեկուսացման կամ օբսերվացիայի վայրեր:
7. Մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքում անձն արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայր կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայր, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
8. Մեկուսացման կամ օբսերվացիայի վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ (բացառությամբ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքերի), բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:
9. Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդություն, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, կամ հրահանգվում է մեկուսանալ` սույն հոդվածով սահմանված կարգով:
10. Մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը: