Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հանրային առողջապահություն՝ համակարգ՝ ուղղված մարդու առողջության վրա սոցիալ-տնտեսական, վարքագծային, շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանը, հիվանդությունների կանխարգելմանը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև ներկա և ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովմանը.
2) հանրային առողջություն՝ հանրության (մարդու) առողջության վիճակ, որն ապահովվում է առողջության պահպանման և խթանման, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցով.
3) հանրային առողջապահական նորմատիվ՝ հանրության (մարդու) առողջության անվտանգությունն ապահովելու և առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխարգելելու և բացառելու, ինչպես նաև հանրության (մարդու) և ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմաններին ներկայացվող կամ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ապահովման կամ համաճարակաբանական դիտարկմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտ.
4) սանիտարահամաճարակային անվտանգության կանոն՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված հանրային իշխանության մարմինների, տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ Լիազոր մարմնի սահմանած սահմանափակումներ և պահանջներ.
5) համաճարակաբանական դիտարկում` հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների, այդ թվում՝ հարուցիչներ փոխանցողների, պահոցների, շրջակա միջավայրի գործոնների, սոցիալական բնորոշիչների (դետերմինանտների), առողջության հետ կապված տվյալների շարունակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, ներառյալ շրջակա միջավայրի գործոնների, սոցիալական բնորոշիչների (դետերմինանտների)՝ առողջության վրա ազդեցության գնահատում, կանխատեսում և որոշումների ընդունում.
6) վարակի աղբյուր՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչներով վարակված մարդու, կենդանու և բույսի օրգանիզմը, որտեղ նրանք բազմանում, կուտակվում, զարգանում են և որտեղից արտազատվում են արտաքին միջավայր՝ որպես ախտածինների գոյատևման բնական միջավայր, որը կարող է մարդկանց կամ կենդանիների վարակման պատճառ դառնալ.
7) հիվանդությունների իմունականխարգելում՝ միջոցառումների համակարգ՝ ուղղված կանխարգելիչ պատվաստումների միջոցով հիվանդությունների կանխարգելմանը (տարածման նվազեցմանը, էլիմինացմանը՝ հիվանդության տեղական փոխանցման ընդհատմանը և արմատական վերացմանը).
8) պատվաստումների ազգային օրացույց՝ իմունականխարգելման ազգային ծրագրի բաղկացուցիչ մաս, որը ներառում է պատվաստման ենթակա անձանց տարիքային խմբերը, պատվաստման ժամանակացույցը և հերթական դեղաչափը, պատվաստման համար անհրաժեշտ պատվաստանյութերի հակածնային կազմը, ինչպես նաև կատարման ցուցումները.
9) հետպատվաստումային անբարեհաջող դեպք՝ ցանկացած բժշկական անբարեհաջող երևույթ, որն ի հայտ է եկել պատվաստումից հետո՝ հանրային առողջապահական նորմատիվով սահմանված ժամանակահատվածում, և ունի կամ պարտադիր չէ, որ ունենա պատճառահետևանքային կապ պատվաստման հետ, որը հաստատում կամ ժխտում է Լիազոր մարմնի ստեղծած հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գնահատման և հետաքննման անկախ փորձագիտական խումբը.
10) գործողությունների ստանդարտ ընթացակարգ՝ հանրային առողջապահության ոլորտում որևէ գործընթացում ներառված ընթացակարգերը քայլ առ քայլ նկարագրող՝ Լիազոր մարմնի հաստատած փաստաթուղթ.
11) մեթոդական ուղեցույց՝ Լիազոր մարմնի հաստատած լավագույն միջազգային փորձի և ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա մշակված փաստաթուղթ, որը ներառում է առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման (ներառյալ իմունականխարգելումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդության դեպքերի համաճարակաբանական հետազոտությունը (հետախուզությունը), դրանց առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտումը) կամ մարդու առողջության վրա վարքագծային, շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության գնահատման, դրանց հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն աջակցելու նպատակով.
12) հիվանդության օջախ՝ վարակի աղբյուրի կամ ազդող գործոնի գտնվելու վայր և տարածք, որոնց սահմաններում վարակը կարող է փոխանցվել, կամ ազդող գործոնը՝ տարածվել.
13) կոնտակտավոր՝ վարակի աղբյուրի հետ (այդ թվում՝ տվյալ վարակիչ հիվանդության գաղտնի շրջանում) շփված անձ.
14) հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձություն՝ ցանկացած իրադարձություն, որը կարող է բացասական հետևանք ունենալ հանրության (մարդու) առողջության համար, կամ որը ներառում է երևույթներ, որոնք դեռ չեն հանգեցրել մարդկանց շրջանում հիվանդության, բայց ունեն վարակված կամ աղտոտված սննդի, ջրի, կենդանիների, արդյունաբերական արտադրանքի կամ շրջակա միջավայրի հետ շփման դեպքում հիվանդություն առաջացնելու ներուժ (այսուհետ՝ իրադարձություն).
15) համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)՝ հիվանդության դեպք, բռնկում, համաճարակ, համավարակ կամ իրադարձություն արձանագրելիս միջոցառումների համալիր, որն ուղղված է վարակի աղբյուրի, ազդող գործոնների, փոխանցման մեխանիզմի, ուղիների, պայմանների, վարակի կասկածով անձանց, կոնտակտավորների, վարակակիրների, հարուցիչներ փոխանցողների և պահոցների, շրջակա միջավայրի գործոնների, սոցիալական բնորոշիչների (դետերմինանտների) բացահայտմանը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը և ներկայացմանը.
16) ախտահանում՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների և արտաքին միջավայրում դրանց թույների ոչնչացում.
17) միջատազերծում՝ բնակչության շրջանում վարակիչ հիվանդություններ առաջացնող կամ փոխանցող, ինչպես նաև նյութական վնասներ պատճառող հոդվածոտանիների ոչնչացում.
18) կրծողազերծում՝ կրծողների ոչնչացմանն ուղղված, ինչպես նաև կրծողների բազմացումը և տարածումը կանխարգելող միջոցառումներ.
19) կարանտին՝ վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ իրադարձությունները տեղայնացնող, վերացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ.
20) համաճարակ՝ հիվանդության անսպասելի կամ հարաճուն տարածում երկրի ամբողջ տարածքում՝ գերազանցելով նույն ժամանակահատվածում երկրի ամբողջ տարածքի բնակչության շրջանում բազմամյա դիտարկումների հիման վրա սպասվող հիվանդացության մակարդակը, ինչպես նաև նոր առաջացող հիվանդության արձանագրում, որը կարող է առաջացնել արտակարգ իրավիճակ.
21) բռնկում՝ որոշակի ժամանակահատվածում հիվանդության՝ անսպասելի կամ անսովոր դեպքի (դեպքերի) կամ ընդհանուր աղբյուրի կամ գործոնի կամ դրա փոխանցման ուղիների հետ կապված դեպքերի առաջացում որոշակի տարածքում կամ բնակչության որոշակի խմբում.
22) համավարակ՝ համաճարակ, որը տարածվել է ամբողջ երկրի տարածքում, սահմանակից երկրներում, մեծ թվով երկրներում կամ մայրցամաքներում և կարող է առաջացնել արտակարգ իրավիճակ.
23) կարանտինային գոտի՝ տարածք, որտեղ սահմանվել է կարանտին.
24) համաճարակաբանական ցուցումով պատվաստում՝ հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում կամ բռնկումով կամ համաճարակով կամ համավարակով կամ հիվանդությամբ կամ հիվանդության առաջացման վտանգով պայմանավորված՝ բնակչության շրջանում զանգվածային կամ բնակչության որոշակի խմբերի կամ անձի պատվաստումների ազգային օրացույցից դուրս արտահերթ պատվաստումների իրականացում.
25) օբսերվացիա՝ կոնտակտավորների, կարանտինային գոտի մուտք գործող և դուրս եկող, Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդության տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց առանձնացում Լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայրում, և բժշկական հսկողության սահմանում՝ տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ.
26) մեկուսացում՝ վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ վարակի կասկածով անձանց, հնարավոր վարակակիր անձանց առանձնացում Լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայրում՝ որոշակի ժամանակահատվածով, այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով.
27) աշխատանքի հիգիենայի ծառայություններ՝ գործունեություն՝ ուղղված աշխատողների անվտանգության և առողջության պահպանմանը, մասնագիտական հիվանդությունների և վնասվածքների կանխարգելմանը, աշխատանքի անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների ապահովմանը (բացառությամբ տեխնիկական անվտանգության)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.
28) արտադրական հսկողություն` շրջակա միջավայրի, ապրանքի, աշխատանքի և ծառայության հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխանության նկատմամբ դրանք շահագործողի, արտադրողի, վաճառողի, կատարողի, մատուցողի կողմից իրականացվող ինքնահսկողության գործընթաց.
29) կանխարգելիչ պատվաստում՝ կոնկրետ հիվանդության նկատմամբ անընկալունակության առաջացման նպատակով մարդու օրգանիզմ պատվաստանյութի, շիճուկի կամ իմունոգլոբուլինի ներմուծում.
30) կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ` հանրային առողջապահության նորմատիվներով կամ այլ իրավական ակտերով սահմանված կազմակերպական, վարչական, ճարտարագիտական, տեխնիկական, բժշկասանիտարական, հիգիենիկ, համաճարակաբանական և այլ միջոցառումներ` ուղղված հանրային առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցմանը, կանխարգելմանը, հիվանդությունների առաջացման և տարածման կանխմանն ու վերացմանը.
31) բնական պահոց՝ կենդանի օրգանիզմների մեկ կամ մի քանի տեսակի պոպուլյացիաների ամբողջություն, որն ապահովում է հարուցիչի մշտական գոյատևումը.
32) վարակի կասկածով անձ՝ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական նկարագրին համապատասխանող, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարակիչ հիվանդության ախտորոշման դեռևս վերջնական հաստատում չունեցող անձ.
33) վարակիչ հիվանդությունների հարուցիչ կրող անձ (այսուհետ՝ վարակակիր)՝ ախտածին հարուցիչով վարակված, տվյալ հիվանդությանը բնորոշ ախտանշան չունեցող անձ, որը կարող է լինել վարակի աղբյուր.
34) իմունականխարգելման ենթակա անձ՝ կոնկրետ պատվաստանյութի նկատմամբ բացարձակ հակացուցում չունեցող յուրաքանչյուր անձ.
35) բացարձակ հակացուցում՝ անձի մոտ հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակ, որը կարող է մեծացնել ծանր հետպատվաստումային անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը.
36) մասնագիտական հիվանդություն՝ հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը.
37) ռեգիստր՝ միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում մարմիններին ներկայացվող տեղեկատվության ամբողջությունը: