Հոդված 32. Ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումները
Հոդված 32. Ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումները
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Սույն մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) իրականացվող կրթական ծրագրի և ռազմական ուսումնական հաստատությունների վրա:
2. Ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Տեսչական մարմինը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը Տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատություններ ստուգայցերի միջոցով՝ Տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող Տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:
4. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի ներկայացուցիչը տալիս է հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:
5. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերվելու դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ:
6. Կարանտին սահմանելու դեպքում ուսումնական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաև կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել Տեսչական մարմնին: