Հոդված 45. Հանրության (մարդու) առողջության վրա ազդող շրջակա միջավայրի մշտադիտարկումը
Հոդված 45. Հանրության (մարդու) առողջության վրա ազդող շրջակա միջավայրի մշտադիտարկումը
1. Հանրության (մարդու) առողջության անվտանգությունն ապահովելու, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր ազդեցությունը բացառելու, հիվանդությունների առաջացումը կանխարգելելու նպատակով իրականացվում է շրջակա միջավայրի մշտադիտարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական նորմատիվների պահանջների համաձայն:
2. Շրջակա միջավայրի մշտադիտարկումն իրականացնում են Լիազոր մարմինը (այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով), ինչպես նաև այլ պետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:
3. Շրջակա միջավայրի մշտադիտարկման շրջանակներում կարող են կատարվել օդի, ջրի, հողի, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ փոխանցող հոդվածոտանիների, բնական պահոցների, առարկաների ու նյութերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ և գործիքային չափումներ: