Հոդված 52. Հանրային առողջապահական փորձաքննությունը
Հոդված 52. Հանրային առողջապահական փորձաքննությունը
1. Հանրային առողջապահական փորձաքննությունը բնակչության առողջության վրա ուղղակի և անուղղակի (շրջակա միջավայրի գործոնների միջոցով) ազդեցություն ունեցող՝ նախատեսվող և իրականացվող գործունեության, հիմնադրույթային փաստաթղթերի, կառույցների, կառուցվածքների, շենքերի, շինությունների, արտադրանքի, ապրանքների և ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա և բնակության միջավայրի գործոնների գնահատման կամ վերլուծության կամ հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր կամ գործիքային չափումների արդյունքով հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն տալու գործընթաց է, որն իրականացվում է մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը բացառելու, հիվանդությունները կանխարգելելու և նրա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
2. Հանրային առողջապահական փորձաքննությունն իրականացվում է`
1) ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման, նախատեսվող գործունեության, հիմնադրույթային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի փորձաքննության՝ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.
2) շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դիմելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների կողմից՝ պայմանագրային հիմունքներով:
3. Հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
4. Փորձաքննության շրջանակներում հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջների ապահովումը հավաստելու համար լաբորատոր հետազոտության արդյունքների անհրաժեշտության դեպքում եզրակացության կամ կարծիքի (այսուհետ՝ եզրակացություն) տրամադրման համար հիմք են ընդունվում օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կամ ԵԱՏՄ ռեեստրում գրանցում ստացած փորձարկման այլ լաբորատորիաների կողմից դիմելու ժամկետից ոչ ավելի, քան մեկ ամիս վաղեմությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները:
5. Փորձաքննության արդյունքով փորձաքննություն կատարողը տրամադրում է դրական կամ բացասական եզրակացություն:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում փորձաքննության եզրակացությունը պետական մարմինները հանրային առողջության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս քննարկում և հաշվի են առնում, իսկ բացասական եզրակացության դեպքում փորձաքննության ներկայացված նախագիծը, հիմք ընդունելով եզրակացության արդյունքները, լրամշակվում է և կրկին ներկայացվում փորձաքննության:
7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված փորձաքննության դեպքում տրամադրվում է եզրակացություն: