Անցնել բովանդակությանը
ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 1 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Ծառայողի կողմից զենք գործադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ծառայողի կողմից զենք գործադրելը

1. Ծառայողն իրավունք ունի անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու`

1) ծառայողների, լիազորված մարմնի այլ անձնակազմի, պահպանվող օբյեկտների և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, էշելոնների, մեքենաների շարասյուների ու տրանսպորտային միջոցների ու պահակախմբերի վրա կատարվող հարձակումները մենակ հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին և առողջությանը ու հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

2) իր զենքին կամ տեխնիկային տիրելու փորձերը կանխելիս.

3) մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.

4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարվելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.

5) առանց զգուշացման` Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղված խնդիրներ կատարելիս:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի'ր» արձագանքից և օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:

3. Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում կամ մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում:

4. Ծառայողը պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ծառայողին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի:

6. Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում ծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:

7. Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին ծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):

8. Հրամանատարը (պետը) իրավունք ունի անձամբ զենք գործադրելու կամ հրամայելու զենք գործադրել կարգապահության և կարգ ու կանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողի կողմից զենք կրելը և գործադրելը կարգավորվում են միջազգային պայմանագրերով:

(14-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-78-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։