Անցնել բովանդակությանը
ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 3 · ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ՈՒ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 25. Հրամանատարների (պետերի) ընդհանուր պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Հրամանատարների (պետերի) ընդհանուր պարտականությունները

1. Հրամանատարը (պետը) միանձնյա ղեկավար է և խաղաղ ու պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն վստահված ստորաբաժանման մշտական ու զորահավաքային պատրաստականության, ստորաբաժանմանն առաջադրվող խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի պատրաստության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի և ծառայության անվտանգության, ներքին կարգ ու կանոնի համար, փրկարարական և ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների վիճակի ու պահպանության, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-իրավական ապահովման համար:

2. Հրամանատարը (պետը) պարտավոր է կայուն և հետևողական կերպով կենսագործել պետական քաղաքականությունը, մշտապես կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և ստորաբաժանման ղեկավարման մեթոդները, հմտորեն աշխատանք տանել կադրերի հետ, ղեկավարել գիտական և գյուտարարական աշխատանքը:

3. Հրամանատարը (պետը) պարտավոր է`

1) բարձր պահել վստահված ստորաբաժանման պատրաստականությունը.

2) մշտական պատրաստական ուղղությամբ պլանավորել միջոցառումներ և ապահովել դրանց կատարումը, պլաններում ժամանակին կատարել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշգրտումներ.

3) հասնել փրկարարական և ռազմական տեխնիկայի ու այլ նյութական միջոցների լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը.

4) անցկացնել պարապմունքներ, վարժանքներ ստորաբաժանման պատրաստականության ուղղությամբ, հասնել անձնակազմի և իր պարտականությունների իմացությանն ու կատարմանը.

5) բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված ստորաբաժանման իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի, ինչպես նաև փրկարարական և ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների առկայության մասին.

6) միջոցներ ձեռնարկել պետական գաղտնիքի պահպանությունն ապահովելու համար:

4. Հրամանատարը (պետը) պարտավոր է անմիջականորեն ղեկավարել ենթակաների պատրաստությունը`

1) պլանավորել և ժամանակին միջոցներ ձեռնարկել աշխատանքի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ.

2) մշտապես կատարելագործել ենթակաների մասնագիտական գիտելիքները.

3) անձամբ կազմակերպել և անցկացնել վարժանքներ, պարապմունքներ` ուղղված ենթակա անձնակազմի մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորմանը.

4) հսկողություն սահմանել և ենթականերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ պատրաստության ընթացքում, ուսուցման մեջ մտցնել մրցակցության ոգի, որը նպաստում է ենթակաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը, կատարելագործել ուսումնանյութական բազան.

5) պարբերաբար ամփոփել անձնակազմի պատրաստության արդյունքները.

6) ենթակաների մեջ ձևավորել և պահպանել բնակչության պաշտպանության ու մարտական խնդիրների կատարման համար բարոյական և հոգեբանական պատրաստակամություն, ծառայողների մեջ զարգացնել ծառայողական պարտքի կատարման համար անհրաժեշտ հատկանիշներ, ծառայողական երդման սրբության և անխախտելիության գիտակցություն, խիզախություն, զսպվածություն, հնարամտություն, զգոնություն, ծառայողական ընկերություն, փոխօգնության ձգտում.

7) կատարելագործել ազգամիջյան շփման մշակույթը, հոգ տանել ծառայողական կոլեկտիվի համախմբվածության և տարբեր ազգությունների փրկարարների բարեկամության ամրապնդման համար, հաշվի առնել ու հարգել նրանց ազգային ավանդույթները և սովորույթները.

8) ենթակաների նկատմամբ ցուցաբերել նրբազգացություն և ուշադրություն, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն ու կոպտություն, բարձր պահանջկոտությունը և սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ, միջոցներ ձեռնարկել ծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալ-իրավական պաշտպանվածության ապահովման համար, պայմաններ ստեղծել կուլտուրայի բարձրացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական պատրաստվածության աճի համար:

5. Հրամանատարը (պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմի անվտանգության ապահովման համար փրկարարական և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության պահանջները նախօրոք հասցնել ենթականերին ու պահանջել դրանց խստագույն կատարումը:

6. Պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումներ սկսելուց առաջ հրամանատարը (պետը) պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են անվտանգության կանոնների պահպանման պահանջները և տիրապետում են դրանց իրականացմանն անհրաժեշտ գործնական հմտություններին:

7. Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա ստորաբաժանումում ապահովել ներքին կարգ ու կանոն`

1) ենթակա հրամանատարների գործողություններն ուղղել ծառայողների կողմից ծառայողական կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման ու կատարման կազմակերպմանը.

2) անձնակազմին նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարմանը, հսկողություն սահմանել ներքին ծառայության կատարման նկատմամբ, ինչպես նաև օրվա վերակարգի ծառայության բարելավման համար մշակել հանձնարարականներ:

8. Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել փրկարարական և ռազմական տեխնիկան ու նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն`

1) կազմակերպել ստորաբաժանում մուտք գործած փրկարարական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը.

2) պլանավորել փրկարարական և ռազմական տեխնիկայի շահագործումը.

3) կազմակերպել և իրականացնել վերահսկողություն փրկարարական և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, վթարների և պատահարների կանխման ուղղությամբ անցկացնել միջոցառումներ.

4) կազմակերպել փրկարարական տեխնիկայի հաշվառումը և պահպանությունը, ժամանակին պահանջել ու կազմակերպել նյութական միջոցների ստացումը, կանխել փրկարարական գույքի և ունեցվածքի կորուստները, պակասորդը, փչացումն ու հափշտակումը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

9. Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և ստորաբաժանման ղեկավարման մեթոդները`

1) բարձրացնել իր ծառայողական, մանկավարժական և իրավական գիտելիքները, գիտենալ փրկարարական և ռազմական տեխնիկան, դրանց գործածման (շահագործման) և նորոգման կարգը.

2) իմանալ իր ծառայությանն առնչվող օրենքները, ծառայողական կանոնագրքերի և կանոնադրությունների դրույթները, խստորեն գործել դրանց համաձայն և ենթականերից պահանջել դրանց կատարումը.

3) իր և ենթակաների մեջ մշակել գործնականություն, քննադատական վերաբերմունք դրսևորել կատարած աշխատանքների արդյունքների նկատմամբ, աշխատանքի ընթացքում հաշվի առնել ենթակաների կարծիքը.

4) ենթակաների միջև հմտորեն բաշխել աշխատանքն ու պարտականությունները, իրականացնել հրամանների կատարման գործնական հսկողություն.

5) իրեն տրված իրավունքների սահմաններում գործել ինքնուրույնաբար, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ ունենալ սերտ կապ: Այդ նպատակով անցկացնել ծառայողական արարողություններ, մարզական տոներ և այլ միջոցառումներ` հրավիրելով հասարակության ներկայացուցիչների և ծառայողների ընտանիքների անդամներին.

6) ստորաբաժանման մեջ կազմակերպել և անցկացնել մրցակցություն` ուղղված ստորաբաժանման լուծելիք խնդիրների հաջող կատարմանը.

7) ենթակաների հետ հաճախակի ամփոփել պատրաստության արդյունքները, ծառայողական կարգապահության վիճակը, ներքին կարգ ու կանոնի պահպանումը և միջոցներ ձեռնարկել դրանք բարելավելու ուղղությամբ:

10. Հրամանատարը (պետը) պարտավոր է`

1) հմտորեն աշխատել կադրերի հետ, բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները.

2) իրականացնել կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողների ընտրությունը, տեղաբաշխումը և ատեստավորումը, ղեկավարել պայմանագրով փրկարարական ծառայության անցնելու և ուսումնական հաստատություններ ընդունվող թեկնածուների ընտրությունը.

3) հոգ տանել ծառայողների առողջության պահպանման ամրապնդման և բժշկական ապահովման ուղղությամբ:

(25-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։