Հոդված 24. Ծառայողական բարեկրթությունը
Հոդված 24. Ծառայողական բարեկրթությունը
1. Ծառայողները պարտավոր են մշտապես ծառայել բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ, պահպանել ծառայողական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը:
2. Ծառայողները պետք է հիշեն, որ իրենց վարքով ներկայացնում են ոչ միայն իրենց, այլև ամբողջ լիազոր մարմնի համակարգն ընդհանրապես:
3. Ծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
4. Ծառայության ժամանակ ծառայողները պարտավոր են միմյանց դիմել «Դուք»-ով:
5. Պետերը և ավագները, ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում, նրանց կոչում են ծառայողական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն (տիկին)» բառը, օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության սերժանտ Հովհաննիսյան» կամ «Պարոն փրկարարական ծառայության սերժանտ»:
6. Ծառայությունից դուրս եղած ժամանակ և շարքից դուրս գտնվող ծառայողները միմյանց կարող են դիմել ոչ միայն կոչումով, այլև ազգանունով:
7. Առօրյա կյանքում ծառայողներին թույլատրվում է օգտագործել «Փրկարարի խոսք» հաստատական արտահայտությունը և միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն թույլատրելի է ասել «Պատիվ ունեմ»:
8. Հրամանատարի (պետի) ներկայությամբ այլ ծառայողի դիմելու դեպքում պետք է ստանալ պետի թույլտվությունը. օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության գնդապետ, թույլ տվեք դիմել փրկարարական ծառայության կապիտան Հովհաննիսյանին»:
9. Ծառայողները պարտավոր են հարգանք տածել քաղաքացիական բնակչության նկատմամբ, հատուկ ուշադրություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների հանդեպ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը:
10. Ծառայողներին արգելվում է ձեռքերը պահել համազգեստի գրպանում, պետի ներկայությամբ նստել կամ ծխել առանց նրա թույլտվության, ինչպես նաև ծխել փողոցում քայլելիս և չնախատեսված վայրերում:
11. Փրկարարական ծառայության համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ` համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
12. Փրկարարական ծառայության համազգեստը ծառայողները կրում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կանոնների համապատասխանությամբ:
13. Ծառայությունից դուրս հանգստի կամ արձակուրդում գտնվող ծառայողներին թույլատրվում է ծառայողական համազգեստ չկրել: