Հոդված 85.12. Ծառայողական քննություն նշանակելու դեպքերը և ժամկետները
Հոդված 85.12. Ծառայողական քննություն նշանակելու դեպքերը և ժամկետները
1. Ծառայողական քննություն նշանակվում է վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոններն առերևույթ խախտելու, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով առերևույթ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն առերևույթ չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքերում:
2. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսելու համար ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, պաշտոնատար անձինք, ֆիզիկական և իրավաբանական անձինք։
3. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է նաև լիազոր մարմնի, ենթակա պետական մարմինների կամ կազմակերպությունների ղեկավարների կամ աշխատողների զեկուցագրերի հիման վրա։
4. Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների դեպքում ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է լիազոր մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ։
5. Եթե մինչև ծառայողական քննություն սկսելը պարզվել է, որ առկա է տվյալ փրկարարական ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, որն առերևույթ կարող է հանդիսանալ ծառայողական քննության առարկա, ապա ծառայողական քննություն սկսելը հետաձգվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը։
6. Ծառայողական քննությունը նշանակվում է սույն հոդվածով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո, բացառությամբ ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքերի։ Այս դեպքում ծառայողական քննություն կարող է նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: