Հոդված 72. Կարգապահական տույժ կիրառելու պայմանները և կարգը
Հոդված 72. Կարգապահական տույժ կիրառելու պայմանները և կարգը
(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)
1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե խախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարուց ավելի։ Սույն մասում նշված ժամկետի մեջ չի հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: Սույն մասում նշված ժամկետների հաշվարկը կասեցվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է ծառայողական քննությունը։
2. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում փրկարարական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու կամ խախտումներ կատարած լինելու հանգամանքները: Նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
3. Յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Եթե փրկարարական ծառայողը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թեթև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խիստ կարգապահական տույժ կամ սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալը, եթե փրկարարական ծառայողը թույլ չի տվել նոր խախտում: Կարգապահական տույժը հանվում է համապատասխան խրախուսանքի տեսակ կիրառելով։ Մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում կարող է հանվել մեկ կարգապահական տույժ։
7. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքում նա կարող է տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։
8. Փրկարարական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
9. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «նախազգուշացում» և «նկատողություն» կարգապահական տույժերի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարարական բարձրագույն և գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին։
(72-րդ հոդվածը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)
(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)