Հոդված 34. Ջոկատի հրամանատարի պարտականությունները
Հոդված 34. Ջոկատի հրամանատարի պարտականությունները
1. Ջոկատի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`
1) ջոկատի մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության, փրկարարական և մարտական խնդիրների հաջող կատարման համար.
2) կադրերի ընտրության ու տեղաբաշխման, անձնակազմի պատրաստության, դաստիարակության, բարոյահոգեբանական վիճակի, աշխատանքների անվտանգության համար.
3) փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ կատարելուն նախապատրաստվելու համար.
4) օրինականության պահպանման, կարգապահության, ներքին կարգ ու կանոնի, փրկարարական, հրշեջ-փրկարարական, ռազմական տեխնիկայի ու ջոկատի նյութական այլ միջոցների պահպանության ու վիճակի համար:
2. Ջոկատի հրամանատարը՝
1) ջոկատի ողջ անձնակազմի ուղղակի պետն է.
2) մարտական պատրաստության և ջոկատում դաստիարակության հիմնական կազմակերպիչն է:
3. Ջոկատի հրամանատարը պարտավոր է`
1) հմտորեն ղեկավարել ջոկատի անձնակազմի պատրաստությունը և դաստիարակությունը.
2) պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ գործելիս հմտորեն ղեկավարել ջոկատը.
3) իմանալ յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ, պարապմունքներ անցկացնել սպաների և ենթասպաների հետ, ինչպես նաև վարժանքներ ու պարապմունքներ՝ ջոկատի ստորաբաժանումների հետ.
4) ղեկավարել ջոկատի մարտական պատրաստության պլանի մշակումն ու կատարումը.
5) ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը քաղաքացիներին փրկարարական ծառայության անցնելու գործընթացում.
6) հաստատել ենթակա անձնակազմի արձակուրդների ժամանակացույցը.
7) հաստատել օրվա կարգացուցակը և աշխատաժամանակի բաշխման կարգը, պահանջել ներքին կարգ ու կանոնի պահպանում, որոշել անձնակազմի համազգեստի ձևը` կատարվելիք խնդիրների ու պարապմունքների կարգացուցակի հաշվառումով.
8) միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց առկայության դեպքում զեկուցել ավագ հրամանատարին (պետին).
վերլուծել պատրաստության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ ամփոփել արդյունքները և դրանց բարելավման համար որոշել միջոցներ.
9) գիտենալ ջոկատի ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը.
10) միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, հանդերձանքի, փրկարարական և ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և պատրաստականությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ` գարնան և աշնան ամիսներին, անցկացնել հանդերձանքի և փրկարարական ու ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքների մասին զեկուցել վերադասին.
11) հսկողություն իրականացնել փրկարարական և ռազմական տեխնիկայի ու միջոցների հետ աշխատելու, պարապմունքներ, ուսումնավարժություններ անցկացնելու և փրկարարական աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.
12) միջոցներ ձեռնարկել ենթակաների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ.
13) հսկել շինությունների ճիշտ շահագործումը, ջոկատի տարածքի պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությունը ջոկատում.
14) կազմակերպել և մասնակցել հրդեհաշիջման պլանների ու քարտերի մշակմանը.
15) ջոկատում կազմակերպել գազածխապաշտպան և այլ անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ.
16) համաձայն փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական և այլ աշխատանքների իրականացման կանոնադրության՝ մեկնել հրդեհների, վթարների, տարերային աղետների վայր և, ելնելով ստեղծված իրավիճակից, ղեկավարել ստորաբաժանման աշխատանքները.
17) հսկել ջոկատում ծառայողական կարգապահությունը, հերթապահության համար նախատեսված սենյակների կահավորումն ու սանիտարական վիճակը, հանդերձանքի նպատակային օգտագործումը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կապի և ազդարարման միջոցների անխափան աշխատանքի վրա.
18) փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական և այլ աշխատանքների վերաբերյալ կարգադրություն ստանալու դեպքում ճշտել խնդիրն ըստ տեղի, ժամանակի և իրականացման ուղիների, հնարավոր կարճ ժամկետում ապահովել դեպքի վայր ժամանումը, անհրաժեշտության դեպքում անձամբ ղեկավարել հերթափոխը.
19) արտակարգ իրավիճակների վայրում անձամբ ղեկավարել փրկարարական խմբերի բաշխումը՝ ըստ աշխատանքների վայրերի, հետևել աշխատանքների իրականացմանն ու անվտանգության կանոնների պահպանմանը.
20) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:
4. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ հատուկ, փրկարարական, հրշեջ, ջրափրկարարական, օբյեկտների պահպանության, ճառագայթային և քիմիական պաշտպանության, ինժեներական, մեքենայացված և այլ ջոկատների հրամանատարների պարտականությունները, ըստ ջոկատի մասնագիտական ուղղվածության՝ սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով: