Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 70. Փրկարարական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգապահական տույժերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 70. Փրկարարական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգապահական տույժերը

(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական տույժեր:

2. Փրկարարական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև «կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:

3․Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք «ծառայության դադարեցում» կարգապահական տույժն իրավունք ունեն կիրառելու միայն կոպիտ խախտումների դեպքում։ Կոպիտ խախտումներ են համարվում`

1) մարդու կամ քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները խախտելը.

2) փրկարարական ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

3) իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառով ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.

4) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը.

6) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

7) գաղտնիության ռեժիմի ապահովման կանոնները խախտելը կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունն ապօրինաբար հրապարակելը կամ փրկարարական ծառայողների կամ այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը կամ փոխանցելը կամ հաղորդելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, որոնք այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

8) առանց հարգելի պատճառների մեկ կամ ավելի աշխատանքային oր ծառայության չներկայանալը, ինչպես նաև հերթապահության ընթացքում ծառայության չներկայանալը.

9) հրամանատարի (պետի) գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը, ուսումնասիրության կամ ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից կամ փորձանմուշ հանձնելուց հրաժարվելը կամ ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) հրամանատարի (պետի), ինչպես նաև անմիջական կամ ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող փրկարարական ծառայողների՝ համատեղ ծառայություն նշանակող հրամանատարի (պետի) կողմից որոշված ղեկավարի իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները կամ հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը․

11) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ կամ 32-րդ հոդվածով կամ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը խախտելը։

4. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն անցկացվելուց հետո։

(70-րդ հոդվածը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)

(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։