Հոդված 114. Օպերատիվ ստորաբաժանումները
Հոդված 114. Օպերատիվ ստորաբաժանումները
1. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի և առաջացման դեպքում արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ծավալվում են Փրկարար ծառայության օպերատիվ ստորաբաժանումներ:
2. Օպերատիվ ստորաբաժանման հիմքը կազմում են`
1) արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման կամ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման օպերատիվ շտաբը.
2) օպերատիվ խումբը:
3. Արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման կամ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման օպերատիվ շտաբը կազմված է`
1) արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի պետից.
2) պլանավորման խմբից.
3) ուղղությունների և գործունեության համակարգման խմբից.
4) տեղեկատվության վերլուծության և ընդհանրացման խմբից.
5) ապահովման և սպասարկման խմբից:
4. Օպերատիվ խումբը կազմված է`
1) օպերատիվ խմբի պետից.
2) օպերատիվ խմբի պետի տեղակալից.
3) կառուցվածքային ստորաբաժանման բաժինների ներկայացուցիչներից:
5. Արտակարգ իրավիճակի գնահատման, տեղայնացման և հետևանքների վերացման առաջարկությունների մշակման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անմիջապես օպերատիվ խումբ է ուղարկվում աղետի գոտի:
6. Օպերատիվ ստորաբաժանումների մեկնումն աղետի գոտի իրականացվում է ծառայողական տրանսպորտով, անհրաժեշտության դեպքում օգտագործվում են շահագրգիռ կազմակերպությունների տրանսպորտային միջոցները:
7. Օպերատիվ ստորաբաժանումների կազմը որոշում է լիազոր մարմնի ղեկավարը կամ Փրկարար ծառայության տնօրենը:
8. Արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի կազմում անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են նաև շահագրգիռ կազմակերպությունների, կամավոր փրկարարական ուժերի օպերատիվ խմբեր:
9. Օպերատիվ ստորաբաժանման թիվը սահմանվում է` հաշվի առնելով շուրջօրյա ռեժիմով հերթափոխային աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը:
10. Օպերատիվ ստորաբաժանումում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանման բաժինների անձնակազմի անդամներ` ըստ արտակարգ իրավիճակի բնույթի: