Հոդված 20. Հրամանը (կարգադրությունը), դրա արձակման և կատարման կարգը
Հոդված 20. Հրամանը (կարգադրությունը), դրա արձակման և կատարման կարգը
1. Հրամանը հրամանատարի (պետի) կարգադրությունն է` ուղղված ենթականերին, որով պահանջվում է կատարել որոշակի գործողություններ, պահպանել այս կամ այն կանոնը, սահմանվում են կարգ և ժամկետներ:
2. Հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի և տեխնիկական միջոցներով՝ մեկ ծառայողին, ծառայողների խմբին կամ ստորաբաժանումներին:
3. Գրավոր հրամանը կառավարման հիմնական կարգադրիչ պաշտոնական փաստաթուղթն է (իրավական ակտը), որ միանձնյա ղեկավարման իրավունքով հրապարակում են ստորաբաժանումների պետերը:
4. Բանավոր հրամաններ տալիս են բոլոր պետերը:
5. Կարգադրությունը պետի կողմից մասնավոր հարցերի վերաբերյալ առաջադրանքը ենթականերին հասցնելու ձև է:
6. Կարգադրությունը տրվում է գրավոր կամ բանավոր:
7. Գրավոր կարգադրությունը պաշտոնական պարտադրող փաստաթուղթ է, որը հրապարակվում է լիազոր մարմնի ղեկավարի կամ ծառայության տնօրենի անունից:
8. Հրամանը (կարգադրությունը) պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
9. Հրամանատարը (պետը) նախքան հրաման տալը պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
10. Հրամանատարը (պետը) պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հրամանի համապատասխանության, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի կամ ծառայողական լիազորությունների չարաշահման և գերազանցման համար:
11. Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն:
12. Հրամանները տրվում են ենթակայության կարգով:
13. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ավագ պետը կարող է հրաման տալ ենթակային` շրջանցելով նրա անմիջական պետին, որի դեպքում նա անմիջական պետին հաղորդում է այդ մասին կամ ենթակային հրամայում է, որ ինքը զեկուցի նրան:
14. Հրամանատարի (պետի) հրամանը պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում, իսկ ծառայողը, ստանալով հրամանը, պատասխանում է` «լսում եմ», և հետո կատարում է այն:
15. Անհրաժեշտության դեպքում տրված հրամանի ճիշտ ընկալումն ստուգելու նպատակով հրամանատարը (պետը) կարող է պահանջել դրա համառոտ կրկնությունը, իսկ ծառայողը, ստանալով հրամանը, կարող է դիմել հրամանատարին (պետին)` այն կրկնելու խնդրանքով:
16. Ստացված հրամանի կատարման մասին ծառայողը պարտավոր է զեկուցել հրաման տված պետին և իր անմիջական պետին:
17. Ծառայողներին չեն կարող տրվել հրամաններ և կարգադրություններ, որոնք առաջադրում են ծառայության հետ առնչություն չունեցող խնդիրներ կամ հակասում են օրենքի պահանջներին:
18. Եթե հրաման կատարող ծառայողը ծառայողական դիրքով կամ կոչումով ավելի բարձր կոչումով հրամանատարից (պետից) ստանում է նոր հրաման, որը խոչընդոտում է նախորդի կատարմանը, նա այդ մասին զեկուցում է երկրորդ հրաման տվողին և հրամանի կրկնության դեպքում կատարում է վերջինը:
19. Նոր հրաման տվողն այդ մասին հաղորդում է առաջին հրաման տվողին:
20. Օրինական կամ նախորդ հրամանի կատարմանը չխոչընդոտող հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է ծառայողական պարտականությունների չկատարում և կարգապահական կանոնների խախտում: