Անցնել բովանդակությանը
ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 3 · ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ՈՒ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Կենտրոնի պետի պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Կենտրոնի պետի պարտականությունները

1. Կենտրոնի պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է կենտրոնի մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական խնդիրների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստականության, դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, փրկարարական ծառայության, անվտանգության, ներքին կարգ ու կանոնի, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության, կենտրոնի նյութական միջոցների պահպանության և վիճակի, կենտրոնի տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովության համար:

2. Կենտրոնի պետը կենտրոնի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

3. Կենտրոնի պետը պարտավոր է՝

1) ղեկավարել կենտրոնի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել կենտրոնը.

2) անցկացնել զորավարժություններ, վարել կենտրոնի շտաբի նախապատրաստությունը ջոկատների մեջ չմտնող խմբերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի, ինչպես նաև կենտրոնի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ.

3) ապահովել ենթակա անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայողական կարգապահությունը, պատրաստությունը մարտական առաջադրանքների, հրդեհաշիջման, փրկարարական, ջրափրկարարական և այլ աշխատանքների կատարմանը.

4) կազմակերպել և իրականացնել միջոցառումներ անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու ուղղությամբ՝ հաշվի առնելով տեղական և քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները.

5) փրկարարական, ջրափրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ և մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ կարգադրություն ստանալու դեպքում ճշտել խնդիրն ըստ տեղի, ժամանակի և իրականացման ուղիների. հնարավոր կարճ ժամկետում ապահովել գործողությունների վայր ստորաբաժանման ժամանումը, անհրաժեշտության դեպքում անձամբ մեկնել և ղեկավարել գործողությունները, ապահովել համագործակցությունն այլ ծառայությունների հետ.

6) հաստատել փրկարարական ծառայողների արձակուրդների ժամանակացույցը.

7) կազմակերպել կենտրոնի տեղաբաշխման վայրի պաշտպանությունը, վերահսկողություն պահակային և ներքին ծառայությունների նկատմամբ, անձամբ ստուգել դրանց կատարումը.

8) միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց կատարման դեպքում զեկուցել ավագ պետին.

9) վերլուծել մարտական պատրաստության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ ամփոփել արդյունքները և միջոցներ ձեռնարկել դրանց բարելավման ուղղությամբ.

10) միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության ու այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և մարտական պատրաստությունը.

11) հսկողություն իրականացնել փրկարարական և ռազմական տեխնիկայի, այլ միջոցների հետ աշխատելու, պարապմունքների, ուսումնավարժությունների անցկացման և փրկարարական աշխատանքների կամ մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ.

12) պարբերաբար անցկացնել կենտրոնի անձնակազմի, հանդերձանքի, գույքի, սարքավորումների և փրկարարական ու ռազմական տեխնիկայի շարային ստուգատես, արդյունքների մասին զեկուցել վարչության պետին.

13) կազմակերպել կենտրոնի տարածքում ստորաբաժանումների և շինություններում փրկարարական ծառայողների ճիշտ տեղաբաշխումը.

14) անձնակազմին բազմակողմանիորեն նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարման, հսկողություն կազմակերպել ներքին ծառայության կատարման նկատմամբ, անձամբ մասնակցել պահակակետերի ստուգման, ինչպես նաև հանձնարարականներ մշակել օրվա վերակարգի ծառայության բարելավման համար.

15) կազմակերպել կենտրոն մուտք գործած փրկարարական և ռազմական տեխնիկայի, սպառազինության, հանդերձանքի ու այլ գույքի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը, դրանց ընդունումը և շահագործումը.

16) կատարելագործել մասնագիտական պատրաստությունը և կենտրոնի ղեկավարման մեթոդները.

17) սարքին վիճակում պահել սպառազինությունը, փրկարարական տեխնիկան և նյութական այլ միջոցներ.

18) հսկողություն իրականացնել կենտրոնի անձնակազմի կողմից պաշտոնական պարտականությունների կատարման ուղղությամբ.

19) պարբերաբար վարչության պետին զեկույց ներկայացնել պլաններով և այլ հանձնարարականներով կենտրոնի առջև դրված խնդիրների կատարման ընթացքի վերաբերյալ.

20) կատարել պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:

4. Հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պարտականությունները՝ կենտրոնի պետի պարտականությունները, ըստ կենտրոնի մասնագիտական ուղղվածության, սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնների անձնագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։