Հոդված 37. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 37. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի իրավունքներն ու պարտականությունները
1. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի՝ իր իրավասության սահմաններում սահմանված կարգով տրված հրամանները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ:
2. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին՝ օդանավում սահմանված կարգը, ապահովությունը և անվտանգությունը պահպանելու համար:
3. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմը կարող է կիրառել ուժային միջոցներ` օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար՝ օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը կանխելու և վերացնելու նպատակով, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:
4. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:
5. Օդանավի հրամանատարը (օդաչուն) պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում:
6. Օդանավի հրամանատարը (օդաչուն) պարտավոր է՝
1) նախքան թռիչքը ստուգել օդանավի թռիչքի համար պիտանի, պատրաստ, լրակազմ և բեռնված լինելը՝ սահմանված պահանջներին համապատասխան, ու թռիչքի նախապատրաստվածությունը՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.
2) թռիչքն իրականացնել սահմանված կանոնակարգերին համապատասխան և հետևել օդանավի վիճակին.
3) հոգ տանել օդանավում գտնվող ուղևորների, ուղեբեռի և բեռի նկատմամբ.
4) վերահսկել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն օդանավում և դրանցում կատարված գրառումների համապատասխանությունը լիազորված մարմնի սահմանած կարգերին.
5) վերադասին զեկուցել օդանավի թռիչքային պիտանիությանն առնչվող բոլոր դեպքերի, իրադարձությունների և անսարքությունների մասին.
6) անմիջապես զեկուցել օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայությանը, եթե օդանավի վթարային վիճակի պատճառով և թռիչքի անվտանգության նկատառումներից ելնելով՝ իր գործողություններում չի պահպանել կիրառվող պահանջները և կարգերը.
7) թռիչքի ավարտից հետո սույն հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետում նշված միջադեպի հանգամանքների մասին զեկուցագիր ներկայացնել վերադասին.
8) ապահովել օդանավի դուրսբերումը թռիչքների համար արգելված գոտուց այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո.
9) սահմանված կարգով և դեպքերում նախաձեռնել ու իրականացնել օդանավում հանցագործության կամ այլ իրավախախտման կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ.
10) թռիչքի ընթացքում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձի նկատմամբ հնարավորության դեպքում սահմանել հսկողություն, իսկ վայրէջքից հետո միջոցներ ձեռնարկել նրա հնարավոր փախուստը կանխելու նպատակով.
11) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները:
7. Օդանավի հրամանատարը (օդաչուն) իրավունք ունի`
1) ընդունելու վերջնական որոշում՝ վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև թռիչքի դադարեցման, վերադարձի և հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգ.
2) անհրաժեշտության դեպքում արգելելու`
ա. օդանավի ուղևորների կամ այլ անձանց մուտքն օդանավ և պահանջելու, որ նրանք լքեն օդանավը,
բ. օդանավի բեռնավորումը կամ որոշում կայացնելու օդանավի բեռնաթափման մասին.
3) օգտագործելու բոլոր միջոցները, ընդհուպ ուժային, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:
8. Օդանավում աշխատանքներ իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել սահմանված կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
9. Օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի, օդանավի (ուղղաթիռի) տեխնիկական սպասարկող, այդ թվում` վերգետնյա, անձնակազմի պաշտոնեական պարտականությունները, իրավունքները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը: