Հոդված 96. Օպերատիվ հերթափոխի պետի իրավասությունները
Հոդված 96. Օպերատիվ հերթափոխի պետի իրավասությունները
1. Օպերատիվ հերթափոխի պետը ենթարկվում է լիազոր մարմնի ղեկավարին, Փրկարար ծառայության տնօրենին կամ նրանց լիազորած անձին:
2. Օպերատիվ հերթափոխի պետին`
1) ենթարկվում են օպերատիվ հերթափոխի անձնակազմը, իսկ օպերատիվ ծառայության հարցերով` լիազոր մարմնի հերթապահ ստորաբաժանումները.
2) հանգստի, սննդի ընդունման, դեպքի վայր մեկնելու ժամանակ փոխարինում է նրա տեղակալը կամ ավագ հրահանգիչը:
3. Օպերատիվ հերթափոխի պետի փոխարինումն իրականացվում է Փրկարար ծառայության տնօրենի սահմանած կարգով:
4. Օպերատիվ հերթափոխի պետը ամենօրյա գործունեության, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման (սպառնալիքի) դեպքում իրավասու է`
1) մինչև ահազանգի աղբյուրի և ստացած տեղեկությունների վերջնական ճշգրտումը կազմակերպելու և իրականացնելու Փրկարար ծառայության հերթապահ ստորաբաժանումների, օպերատիվ խմբի, մասնագետների արձագանքումը, ինչպես նաև ներգրավելու անհրաժեշտ թվով անձնակազմ, խմբեր, մասնագետներ, հաշվարկներ, հերթապահներ` առանց վերջիններիս հրամանատարների (պետերի).
2) տեղեկատվության ձեռքբերման, ճշգրտման, փոխանցման, փոխանակման նպատակով օրվա ցանկացած ժամի կապ հաստատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ, անհրաժեշտության դեպքում խնդրելու համապատասխան մասնագիտական օգնություն (աջակցություն), ուժերի և միջոցների ներգրավում.
3) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տրամադրելու տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներին արտակարգ իրավիճակների, դեպքերի և պատահարների առաջացման մասին.
4) հեռախոսային խոսակցություններ վարելիս որոշելու զանգերին (ահազանգերին) անձամբ պատասխանելու առաջնայնությունը` թույլատրելով պատասխանելու օպերատիվ հերթափոխի անձնակազմին` անկախ ահազանգողի (զանգահարողի) պաշտոնային դիրքից.
5) վերադաս հրամանատարության տված հրամանները, կարգադրություները, առաջադրանքները իր որոշմամբ բաշխելու օպերատիվ հերթափոխի անձնակազմի անդամների միջև, ինչպես նաև թույլատրելու նրանց արդյունքների մասին վերադաս հրամանատարությանը զեկուցել անձամբ.
6) անհրաժեշտ ժամանակահատվածով հետաձգելու (դադարեցնելու) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների, ուղիղ գիծ ունեցող այլ բաժանորդների հետ կապի որակի ստուգման գործընթացը, ինչպես նաև օպերատիվ հերթափոխի սննդի ընդունման և հանգստի ժամերը.
7) տեղեկատվության ընդունման ժամանակ, ելնելով վերջինիս առաջնայնությունից, հերթի դնելու կամ ժամանակի առումով տեղափոխելու տեղեկատվության գրանցման գործընթացը, ինչպես նաև բաշխելու տեղեկատվության ընդունումը, գրանցումը օպերատիվ հերթափոխի անձնակազմի միջև` ըստ մարզերի, ըստ ժամերի, ըստ ստորաբաժանումների, ըստ հեռախոսահամարների, ըստ տեղեկատվության բնույթի և այլն.
8) չընդունելու, չգրանցելու այն ահազանգերը, որոնք վերաբերում են նույն հասցեում գտնվող դեպքին և չեն հաղորդում լրացուցիչ տեղեկատվություն.
9) օպերատիվ խմբի` դեպքի վայրում երկարատև գտնվելու դեպքում կանչելու պահեստային հերթափոխի օպերատիվ խումբը.
10) ճանապարհից հետ կանչելու օպերատիվ խումբը կամ ընթացքից փոխելու նրա մեկնման հասցեն.
11) թույլատրելու դեպքի վայրում կատարել նկարահանումներ.
12) զեկույցի, տեղեկատվության ընդունման, փոխանցման, փոխանակման, ճշգրտման, պարզաբանման նպատակով օրվա ցանկացած ժամի, հանգստի և տոն օրերին ահազանգելու ղեկավարությանը, ստորաբաժանումների հրամանատարներին (պետերին), շահագրգիռ այլ անձանց.
13) արգելելու օպերատիվ հերթափոխի անձնակազմի անդամներին ընդունել (հանձնել) հերթափոխը, երբ վերջինիս ժամանակ խախտվել են համապատասխան պահանջները.
14) հանձնելու կամ ընդունելու հերթափոխը, երբ հերթափոխի անձնակազմը համալրված չէ`
ա. դեպքի վայրում երկարատև գտնվելու (մեկնելու) պատճառով,
բ. անձնակազմի անդամներից մեկի բացակայության պատճառով, եթե վերջինիս գործառույթում չի նախատեսված նյութական արժեքների ընդունում-հանձնում.
15) հերթապահության օրերից դուրս արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների հանդիպելիս իր վրա վերցնելու առաջնային օպերատիվ միջոցառումների, փրկարարական աշխատանքների ծավալումը և ղեկավարումը մինչև նրան փոխարինելը: