Հոդված 98. Օպերատիվ հերթափոխի պետի պարտականությունները
Հոդված 98. Օպերատիվ հերթափոխի պետի պարտականությունները
1. Օպերատիվ հերթափոխի պետն ամենօրյա գործունեության ժամանակ պարտավոր է`
1) ժամանակին ներկայանալ ծառայության, իսկ այս կամ այն պատճառով չներկայանալու (չկարողանալու) դեպքում` ժամանակին իրազեկել վերադաս պետին.
2) սույն օրենքի 87-րդ հոդվածի համաձայն` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ընդունել հերթապահությունը.
3) սահմանված ժամին ներկայանալ համապատասխան պետին` հերթապահության հանձնման և ընդունման զեկույցով, ներկայացնելով ընդունման ժամանակ ի հայտ եկած թերությունները, իսկ հանգստյան և տոն օրերին` տեղյակ պահել դրանց մասին.
4) ծանոթանալ նախորդ օրվա հերթապահության ժամանակ գրանցված դեպքերին, պատահարներին, իսկ դրանց շարունակվելու դեպքում ստորագրել և ընդունել դեպքերի (տեղեկատվության) փոխանցման թերթիկը` հետագայում կատարելով այնտեղ նշված առաջադրանքները.
5) իմանալ հանրապետությունում առկա վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող (պահեստավորող, տեղափոխող) օբյեկտները, դրանց հասցեները (գտնվելու վայրերը).
6) իմանալ հանրապետության տարածքում գործող հերթապահ ծառայությունները.
7) իմանալ լիազոր մարմնի (Փրկարար ծառայության) հաշվեկշռում առկա հատուկ տեխնիկան, դրանց տեղակայման վայրերը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի և անձնակազմի քանակը.
8) իմանալ սույն կանոնագիրքը և իրավական ակտերը, որոնցով կարգավորվում են օպերատիվ հերթապահության և օպերատիվ հերթափոխի գործառույթները և գործունեությունը.
9) իմանալ օպերատիվ հերթափոխի անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտականությունները.
10) իմանալ ռադիոկայաններից օգտվելու կարգն ու կանոնները, հիմնական և պահեստային հաճախականությունները, լիազոր մարմնի ռադիոցանցի բոլոր ռադիոբաժանորդներին և ռադիոկանչերը.
11) իմանալ սահմանված մարտական ազդանշանները և դրանցով գործելու կարգը.
12) ծանոթանալ հերթապահ ուժերի և միջոցների վերաբերյալ ստորաբաժանումների հերթապահներից ստացված օրվա ամփոփագրերին, ստորագրել դրանք և սահմանված ժամկետում ապահովել դրանց փոխանցումը շահագրգիռ պաշտոնատար անձանց.
13) սահմանված ժամերին հետևել ռադիոկապի որակի ստուգմանը.
14) ծանոթանալ և տեքստից ազատ հատվածում ստորագրել արտերկրներից, պետական կառավարման մարմիններից, կազմակերպություններից ֆաքսիմիլային կապով ստացած տեղեկատվությունը, ապահովել դրա ծանուցումը (իրազեկումը, փաստաթղթի փոխանցումը) շահագրգիռ պաշտոնատար անձանց.
15) վերադաս պետին զեկուցել հերթապահության գույքի, սարքերի, սարքավորումների այս կամ այն պատճառով շարքից դուրս գալու մասին.
16) վարել հերթապահության փաստաթղթերը (իր մասով).
17) կազմակերպել օպերատիվ հերթափոխի հանգիստը և սննդի ընդունումը.
18) ապահովել հերթապահության սենյակի մաքրությունը, նախապատրաստել փաստաթղթերը, գույքը` ընդունման-հանձնման.
19) քաղաքացիների հետ շփվելիս և ահազանգերի սպասարկման ժամանակ լինել ներողամիտ, բարեհամբույր, հոգատար.
20) կատարել լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված այլ գործառույթներ: