Հոդված 11. Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորում և պիտակավորում
Հոդված 11. Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորում և պիտակավորում
1. Յուրաքանչյուր Կողմ իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում իր ազգային օրենսդրությանը համապատասխան արդյունավետ միջոցներ է ձեռնարկում և իրականացնում, որպեսզի.
ա) ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը և պիտակավորումը չխթանեն ծխախոտային արտադրատեսակի վաճառքը ցանկացած կեղծ` մոլորեցնող, խաբեության կամ ծխախոտի արտադրատեսակի բնութագրի, առողջության նկատմամբ ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի (ներառյալ` ցանկացած տերմինը, նկարագրությունը, առևտրային պիտակը, սիմվոլիկ կամ ցանկացած այլ նշանը) մասին սխալ տպավորություն ստեղծող ճանապարհով, որոնք ուղղակի կամ անուղղակի կեղծ տպավորություն են ստեղծում նրա մասին, որ որոշակի ծխախոտային արտադրատեսակ այլ ծխախոտային արտադրատեսակներից պակաս վնասակար է։ Դրանք կարող են պարունակել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` «խեժերի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև» կամ «փափուկ», և
բ) ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթավորման և այդ արտադրատեսակների պիտակի վրա նույնպես նշված լինեն նախազգուշացումներ առողջության համար վնասակար լինելու մասին, նկարագրեն ծխախոտի օգտագործման քայքայիչ հետևանքները և զետեղվեն այլ համապատասխան տեղեկություններ։ Այդ նախազգուշացումները և տեղեկությունները.
i) հաստատվում են ազգային իրավասու մարմինների կողմից,
ii) պարբերաբար փոփոխվում են,
iii) խոշոր, պարզորոշ, տեսանելի և հեշտ ընթեռնելի են,
iv) գրավում են հիմնական պիտակավորված մակերեսի 50%-ը կամ ավելի, բայց ոչ մի դեպքում հիմնական պիտակավորված մակերեսի 30%-ից ոչ պակաս,
v) կարող են կատարված լինել նկարների կամ պատկերագրերի ձևով, կամ պարունակել դրանք։
2. Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի և պիտակի վրա, ի լրումն այն նախազգուշացումների, որոնք նախատեսված են սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, պետք է զետեղվի տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների համապատասխան բաղադրիչների և դրանցից արտազատվող նյութերի մասին, ինչպես սահմանված է ազգային մարմինների կողմից։
3. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում և 2-րդ կետում նշված նախազգուշացումները և այլ տեքստային տեղեկատվությունը տեղ գտնեն ծխախոտային արտադրատեսակի յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի և այդ արտադրատեսակների պիտակի վրա՝ այդ Կողմի հիմնական լեզվով կամ հիմնական լեզուներով։
4. Սույն հոդվածի նպատակներով «արտաքին փաթեթավորում և պիտակավորում» տերմինը կիրառելի է ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ՝ տվյալ արտադրատեսակի մեծածախ վաճառքում օգտագործվող յուրաքանչյուր փաթեթի և պիտակի նկատմամբ։