Հոդված 23. Կողմերի համաժողով
Հոդված 23. Կողմերի համաժողով
1. Սույնով հիմնվում է Կողմերի համաժողով։ Համաժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց։ Համաժողովը իր առաջին նստաշրջանում կորոշի հաջորդ հերթական նստաշրջանների վայրը և ժամանակը։
2. Կողմերի համաժողովի արտահերթ նստաշրջանները անց են կացվում այլ ժամկետներում, որոնք համաժողովը կհամարի անհրաժեշտ, կամ յուրաքանչյուր Կողմի գրավոր պահանջի հիման վրա, այն պայմանով, որ այդ պահանջի մասին Կոնվենցիայի քարտուղարության կողմից Կողմերին տեղեկատվություն փոխանցելու պահից վեց ամսվա ընթացքում, այն կստանա Կողմերի առնվազն մեկ երրորդի աջակցությունը։
3. Կողմերի համաժողովը իր առաջին նստաշրջանում իր ընթացակարգի կանոնները ընդունում է միաձայնությամբ։
4. Կողմերի համաժողովը միաձայն է ընդունում իր ֆինանսական կանոնները, ինչպես նաև այն կանոնները, որոնք կանոնակարգում են ցանկացած օժանդակ այն մարմինների ֆինանսավորումը, որոնք համաժողովը կարող է ստեղծել, ինչպես նաև քարտուղարության գործառնությունը կանոնակարգող ֆինանսական դրույթները։ Յուրաքանչյուր հերթական նստաշրջանում համաժողովը հաստատում է ֆինանսական ժամանակահատվածի բյուջեն մինչև հաջորդ հերթական նստաշրջանը։
5. Կողմերի համաժողովը կանոնավոր կերպով քննարկում է սույն Կոնվենցիայի իրականացումը և ընդունում է որոշումներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանը աջակցելու համար, և կարող է ընդունել Կոնվենցիայի արձանագրություններ, հավելվածներ և լրացումներ 28-րդ, 29-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան։ Այս նպատակով համաժողովը.
ա) աջակցում և դյուրացնում է տեղեկատվության փոխանակումը 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան,
բ) աջակցում և կարգավորում է գիտական հետազոտությունների համադրելի մեթոդաբանությունների և տվյալների հավաքման մշակումը և պարբերաբար կատարելագործումը ի լրումն 20-րդ հոդվածում նախատեսվածների, որոնք վերաբերում են սույն Կոնվենցիայի իրականացմանը,
գ) համապատասխան դեպքերում աջակցում է ռազմավարությունների, պլանների և ծրագրերի, ինչպես նաև քաղաքականության, օրենսդրության և այլ միջոցների մշակմանը, իրականացմանը և գնահատմանը,
դ) քննարկում է զեկույցներ, որոնք ներկայացված են Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածին համապատասխան, և հաստատում է Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ կանոնավոր զեկույցներ,
ե) աջակցում և նպաստում է սույն Կոնվենցիայի իրականացման համար ֆինանսական միջոցների հավաքմանը 26-րդ հոդվածին համապատասխան,
զ) հիմնում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար,
է) համապատասխան դեպքերում դիմում է ծառայություններ մատուցելու և համագործակցության մասին խնդրանքով, ինչպես նաև իրավասու և համապատասխան կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների և այլ միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների և մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրելու մասին որպես միջոց Կոնվենցիայի իրականացման աշխատանքը ամրապնդելու համար, և
ը) համապատասխան դեպքերում քննարկում է այլ գործողություններ սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար Կոնվենցիայի իրականացման ընթացքում կուտակված փորձի ներքո։
6. Կողմերի համաժողովը սահմանում է իր աշխատանքում դիտորդների մասնակցության չափանիշները։