Հոդված 36. Գործը քննության նախապատրաստելը
Հոդված 36. Գործը քննության նախապատրաստելը
Գործը քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար սահմանադրական դատարանը սահմանադրական դատարանի անդամներից նշանակում է զեկուցող (զեկուցողներ):
Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում գործի քննության բանավոր կամ գրավոր ընթացակարգի վերաբերյալ:
Դիմումն ուսումնասիրելիս և գործը քննության նախապատրաստելիս սահմանադրական դատարանի անդամը (անդամները), սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ, իրավունք ունի (ունեն) պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից պահանջել փաստաթղթեր, եզրակացություններ և այլ նյութեր, հանձնարարել կատարել ստուգումներ, ուսումնասիրություններ, հետազոտություններ:
Սահմանադրական դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը:
Սահմանադրական դատարանի նիստի մասին ծանուցումը, դիմումների և գործի քննության նախապատրաստության ժամանակ ձեռք բերված փաստաթղթերի պատճենները սահմանադրական դատարանի անդամներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում, սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ` հրավիրվածներին են ուղարկվում նիստից առնվազն երեք օր առաջ, եթե սույն օրենքով այլ ժամկետներ չեն նախատեսված:
Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին կողմերին ու հրավիրվողներին ծանուցում է սահմանադրական դատարանի աշխատակազմը:
(36-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)