Հոդված 21. Բանավորությունը
Հոդված 21. Բանավորությունը
Սահմանադրական դատարանի նիստերում գործերի քննությունը կատարվում է բանավոր բացառությամբ սույն օրենքի 21(1) հոդվածով նախատեսված դեպքերի: Գործերի քննության ընթացքում սահմանադրական դատարանը լսում է կողմերի և վկաների բացատրությունները, մասնագետների եզրակացությունները, հրապարակում է գործում առկա փաստաթղթերը:
Սահմանադրական դատարանի նիստում կարող են չհրապարակվել այն փաստաթղթերը, որոնց պատճենները դատարանի անդամներին և կողմերին վաղօրոք ուղարկվել են:
(21-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)
ՀՈԴՎԱԾ 21(1). Գրավորությունը
Պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի հարցով, ինչպես նաև սույն օրենքի 56 և 62 հոդվածներով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի որոշմամբ, սահմանադրական դատարանի նիստում գործի քննությունը կարող է անցկացվել գրավոր ընթացակարգով:
Կողմերի գրավոր դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի քննությունը կատարվում է բանավոր:
Գրավոր ընթացակարգով անցկացվող նիստերին դիմող կողմերը, նրանց ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, գործով սահմանադրական դատարան հրավիրված անձինք և մասնագետներն իրենց բացատրությունները, եզրակացությունները և սահմանադրական դատարանի անդամների հարցերի պատասխանները, սահմանադրական դատարանի որոշմամբ, ներկայացնում են ինչպես գրավոր, այնպես էլ` բանավոր` սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետներում:
Գրավոր ընթացակարգի դեպքում գործի բոլոր նյութերը սահմանադրական դատարանի անդամներին տրվում են նիստից առնվազն 5 օր առաջ:
(21.1-ին հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)
ՀՈԴՎԱԾ 21(2). Մրցակցությունը
Սահմանադրական դատարանի նիստում գործերի քննությունը կատարվում է մրցակցության սկզբունքով: Կողմերն իրենց դիրքորոշումն ազատ արտահայտելու և փաստարկներն ու հակափաստարկները շարադրելու միջոցով նպաստում են դատարանի կողմից գործով որոշում ընդունելուն:
(21.2-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)