Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Կրթությունը

1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը: Այս իրավունքն առանց խտրականության և հավասար հնարավորություններով իրականացնելու համար մասնակից պետություններն ապահովում են կրթության բոլոր ոլորտները ներառող համակարգը բոլոր մակարդակներում, ինչպես նաև` կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում` ուղղված.

ա) մարդկային ներուժի և արժանապատվության ու ինքնագնահատման լիակատար զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ու մարդկային բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդմանը.

բ) հաշմանդամություն ունեցող անձանց անհատականության, տաղանդի ու ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչպես նաև նրանց մտավոր ու ֆիզիկական կարողությունների զարգացմանը` օգտագործելով նրանց առավելագույն հնարավորությունները.

գ) հնարավորությունների ստեղծմանը, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք արդյունավետ կերպով մասնակցություն կունենան ազատ հասարակության կյանքում:

2. Սույն իրավունքն իրականացնելիս մասնակից պետություններն ապահովում են, որ.

ա) հաշմանդամություն ունեցող անձինք չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից հաշմանդամության պատճառով, և որ հաշմանդամություն ունեցող երեխաները չզրկվեն անվճար ու պարտադիր` տարրական կամ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից հաշմանդամության պատճառով.

բ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի լինի համակողմանի, որակյալ ու անվճար` տարրական ու միջնակարգ կրթությունը համայնքի այլ անդամների հետ հավասար հիմունքներով.

գ) տրամադրվեն անհատի պահանջներին անհրաժեշտ հնարավորություններ.

դ) ընդհանուր կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող անձինք ստանան անհրաժեշտ աջակցություն` իրենց արդյունավետ ուսուցումն ապահովելու նպատակով.

ե) ձեռնարկվեն անհատական աջակցությանն ուղղված արդյունավետ միջոցներ այնպիսի միջավայրերում, որոնք ամբողջությամբ ներգրավելու նպատակն իրականացնելուն զուգահեռ նաև առավելագույնս կնպաստեն նրանց ուսումնական ու սոցիալական զարգացմանը:

3. Մասնակից պետությունները պետք է հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տան սովորելու կյանքի ու սոցիալական զարգացման հմտությունները` աջակցելով նրանց լիակատար ու հավասար մասնակցությանը կրթական համակարգում ու հասարակական կյանքում` որպես լիիրավ անդամներ: Այս նպատակով մասնակից պետություններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում.

ա) նպաստելով Բրայլի համակարգի, այլընտրանքային տառատեսակների, հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային միջոցների ու ձևաչափերի, ինչպես նաև կողմնորոշման և շարժունակության հմտությունների ուսուցմանը, նաև հասակակիցների կողմից աջակցության ցուցաբերմանն ու ուղղորդմանը.

բ) նպաստելով շարուձևերի լեզվի ուսուցմանը և խուլերի լեզվական ինքնությանը.

գ) ապահովելով, որ կույր, խուլ կամ կույր ու խուլ անձանց, մասնավորապես երեխաների ուսուցումը կատարվի տվյալ հաշմանդամություն ունեցող անձի համար ամենահարմար լեզվով, հաղորդակցության մեթոդներով ու միջոցներով և այնպիսի միջավայրում, որն առավելագույնս կնպաստի ուսումնական ու սոցիալական զարգացմանը:

4. Որպեսզի ապահովվի այս իրավունքի իրականացումը, մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ներգրավելու համար շարժուձևերի լեզվի և/կամ Բրայլի համակարգի որակավորմամբ ուսուցիչների, նաև` հաշմանդամություն ունեցող ուսուցիչների և դասընթացներ կազմակերպելու կրթական համակարգի տարբեր մակարդակներում աշխատող մասնագետների ու անձնակազմի համար: Այդ դասընթացները ներառում են իրազեկում հաշմանդամության հիմնահարցերի շուրջ և հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային համապատասխան միջոցների ու ձևաչափերի օգտագործում, կրթական տեխնոլոգիաներ ու նյութեր` նպատակ ունենալով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց:

5. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության ու մյուսների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն ընդհանուր բարձրագույն կրթությունը, մասնագիտական կրթությունը, մեծահասակների ուսուցումը և կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում: Այս նպատակով մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։