Հոդված 30
Հոդված 30
Մասնակցությունը մշակութային կյանքին, հանգստին, ժամանցային ու սպորտային միջոցառումներին
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու, որ նրանց համար.
ա) մատչելի լինեն մշակութային գործերը` ընդունելի ձևաչափերով.
բ) մատչելի լինեն հեռուստահաղորդումները, ֆիլմերը, թատրոնը և մշակութային գործունեության այլ ձևերը` ընդունելի ձևաչափերով.
գ) մատչելի լինեն մշակութային ներկայացումների ու ծառայությունների համար նախատեսված վայրերը, ինչպես, օրինակ, թատրոնները, թանգարանները, կինոթատրոնները, գրադարանները, ինչպես նաև զբոսաշրջությանը վերաբերող ծառայությունները, և հնարավորինս մատչելի լինի հուշարձաններ ու ազգային մշակութային արժեք ներկայացնող վայրեր մուտք գործելը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալու համար զարգացնել և օգտագործել իրենց ստեղծագործական, գեղարվեստական և մտավոր ներուժը ոչ միայն սեփական շահի համար, այլև ի նպաստ հասարակության հարստացման:
3. Մասնակից պետությունները, միջազգային իրավունքին համապատասխան, միջոցներ են ձեռնարկում ապահովելու համար, որ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող օրենքները անհիմն կերպով կամ խտրականության դրսևորմամբ չսահմանափակեն մշակութային նյութերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային և լեզվական յուրահատուկ ինքնությունը, ի թիվս շարժուձևերի լեզվի և խուլերի մշակույթի, ենթակա է ընդունման ու աջակցության մյուսների հետ հավասար հիմունքներով:
5. Նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցելու հանգստի, ժամանցային ու սպորտային միջոցառումներին` մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր.
ա) խրախուսելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ակտիվ մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող հիմնական սպորտային միջոցառումներին.
բ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան կազմակերպելու և զարգացնելու հաշմանդամությանը հատուկ սպորտային և առողջարարական միջոցառումներ և մասնակցեն դրանց, ինչպես նաև այս նպատակն իրականացնելու համար խրախուսում են անհրաժեշտ ուսուցման, վերապատրաստման և այլ միջոցների ապահովումը` մյուսների հետ հավասար հիմունքներով.
գ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի լինեն սպորտային, առողջարարական և զբոսաշրջության վայրերը.
դ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն խաղի, առողջարարական, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, ներառյալ` դպրոցում նույն միջոցառումների իրականացումը.
ե) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի լինեն առողջարարական, զբոսաշրջային, ժամանցային ու սպորտային միջոցառումներ կազմակերպող ծառայությունները: