Հոդված 16
Հոդված 16
Շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից ազատումը
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը:
2. Մասնակից պետությունները պետք է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկեն` կանխելու համար շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը` հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքներին ու խնամողներին ապահովելով, մասնավորապես, գենդերային և տարիքային առանձնահատկություններով պայմանավորված աջակցությամբ և օժանդակությամբ, ինչպես նաև նրանց տրամադրելով տեղեկատվություն, ուսուցանելով` ինչպես խուսափել շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի երևույթներից, սահմանել դրանք և հայտնել նման դեպքերի մասին: Մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ պաշտպանական ծառայությունները լինեն տարիքային, սեռային և հաշմանդամության տեսակին առանձնահատկությունները:
3. Շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի ցանկացած երևույթ կանխելու նպատակով մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող բոլոր միջոցառումներն ու ծրագրերը արդյունավետ կերպով վերահսկվեն անկախ մարմինների կողմից:
4. Մասնակից պետությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` աջակցություն ցուցաբերելու համար շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի զոհ դարձած հաշմանդամություն ունեցող անձին ֆիզիկական, մտավոր ու հոգեկան բուժման, վերականգնման և սոցիալական ինտեգրման հարցերում, ինչպես նաև` պաշտպանության ծառայություններ տրամադրելու միջոցով: Նման վերականգնումն ու ինտեգրումը պետք է իրականացվեն տվյալ անձի առողջության, բարեկեցության, նրա նկատմամբ հարգանքի, արժանապատվության և ինքնուրույնության համար նպաստավոր միջավայրում, որտեղ նաև հաշվի կառնվեն գենդերային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարիքները:
5. Մասնակից պետություններն արդյունավետ կերպով կիրարկում են օրենսդրություն և իրականացնում ռազմավարություն, այդ թվում` կանանց ու երեխաներին վերաբերող օրենսդրություն և ռազմավարություն, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց դեմ կիրառված շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի ցանկացած դեպքի բացահայտումը, հետաքննումը, անհրաժեշտության դեպքում` նաև դատապարտումը: