Հոդված 2
Հոդված 2
Սահմանումները
Սույն Կոնվենցիայի նպատակներով.
«Հաղորդակցում»-ը ներառում է լեզուները և տեքստերը, Բրայլի համակարգը, շոշափման միջոցով հաղորդակցումը, խոշոր տառատեսակները, տեղեկատվության մատչելի ու բազմազան միջոցները (մուլտիմեդիաները), ինչպես նաև տպագիր նյութերի, լսողական միջոցների, դյուրըմբռնելի լեզվի, ընթերցողների, նաև հաղորդակցության ուժեղացուցիչ և այլընտրանքային մեթոդների, միջոցների ու ձևաչափերի, այդ թվում` տեղեկատվական և հաղորդակցական մատչելի տեխնոլոգիաների կիրառումը:
«Լեզու»-ն ներառում է խոսակցական և շարժուձևերի լեզուն, ինչպես նաև ոչ խոսակցական լեզվի այլ ձևերը:
«Խտրականություն հաշմանդամության պատճառով» նշանակում է` հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որոնց նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ անհրաժեշտ հնարավորությունների տրամադրման մերժումը:
«Անհրաժեշտ հնարավորություններ» նշանակում է` անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:
«Համընդհանուր ձևավորում» նշանակում է` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձևավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձևավորման անհրաժեշտության: «Համընդհանուր ձևավորում»-ն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները դրանց անհրաժեշտության դեպքում: