Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ ու անհրաժեշտ միջոցներ` մյուսների հետ հավասար հիմունքներով վերացնելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը բոլոր հարցերում, որոնք վերաբերում են ամուսնությանը, ընտանիքին, հայրությանն ու մայրությանը և անձնական հարաբերություններին, որպեսզի ապահովեն, որ.

ա) ճանաչվի ամուսնության տարիքում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց` ապագա ամուսինների ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը.

բ) ճանաչվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները` ազատ ու պատասխանատու կերպով որոշելու իրենց երեխաների թիվը և նրանց ծննդյան միջև ընկած ժամանակահատվածները, տարիքին համապատասխան տեղեկատվություն, վերարտադրողական վարքագծի ու ընտանիքի պլանավորման դաստիարակություն ստանալու, ինչպես նաև տրամադրվեն սույն իրավունքների իրականացման համար անհրաժեշտ միջոցներ.

գ) հաշմանդամություն ունեցող անձինք, ներառյալ երեխաները, պաշտպանեն մայրանալու և հայրանալու իրավունքը մյուսների հետ հավասար հիմունքներով:

2. Մասնակից պետություններն ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները` կապված երեխաների խնամակալության, հովանավորության, հոգաբարձության, որդեգրման կամ նման այլ ինստիտուտների հետ, եթե տվյալ հասկացությունները գոյություն ունեն ներպետական օրենսդրության մեջ. բոլոր դեպքերում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ: Մասնակից պետությունները համապատասխան աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների դաստիարակության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս:

3. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվեն ընտանեկան կյանքի իրավունքներից: Այս իրավունքներն իրականացնելու նպատակով, և որպեսզի կանխեն այնպիսի երևույթները, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երեխաներին թաքցնելը, լքելը, նրանց նկատմամբ պարտականությունները չկատարելը և խտրականության ենթարկելը, մասնակից պետությունները պարտավորվում են հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին վաղ փուլում տալ սպառիչ տեղեկատվություն, մատուցել ծառայություններ և ցուցաբերել աջակցություն:

4. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան չբաժանվի ծնողներից իր կամքին հակառակ` բացի այն դեպքերից, երբ դատական հսկողություն իրականացնող մարմինները, կիրառելի օրենսդրության ու ընթացակարգերի համաձայն, որոշում են կայացնում, որ նման բաժանումն անհրաժեշտ է` ելնելով երեխայի բարձրագույն շահերից: Ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով:

5. Երբ հաշմանդամություն ուենող երեխայի ընտանիքն ի վիճակի չէ խնամելու նրան, մասնակից պետությունները քայլեր են ձեռնարկում նրան խնամելու այլ միջոցներ տրամադրելու ուղղությամբ, մասնավորապես` հեռավոր հարազատների միջոցով, իսկ նման հնարավորություն չլինելու դեպքում` տվյալ համայնքում ապրող այլ ընտանիքում տեղավորելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։