Հոդված 25
Հոդված 25
Առողջությունը
1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր չափորոշիչներին հասնելու իրավունք` առանց հաշմանդամության պատճառով խտրականության: Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք մատչելի կերպով օգտվեն առողջապահական այնպիսի ծառայություններից, նաև` առողջության վերականգնողական միջոցներից, որոնք հաշվի են առնում գենդերային առանձնահատկությունները: Մասնավորապես, մասնակից պետությունները.
ա) հաշմանդամություն ունեցող անձանց ապահովում են նույն կարգի, որակի ու չափանիշների անվճար կամ մատչելի առողջապահական ծառայություններով ու ծրագրերով, որոնք տրամադրվում են այլ անձանց, ներառյալ սեռական ու վերարտադրողական առողջության ոլորտը և բնակչությանն առաջարկվող հանրային առողջապահական ծրագրերը.
բ) հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում են հաշմանդամության հատուկ կարիքներին անհրաժեշտ առողջապահական ծառայություններ, ներառյալ վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչպես նաև` հետագա հաշմանդամությունը նվազեցնելուն ու կանխելուն միտված ծառայություններ նաև երեխաների ու տարեցների շրջանում.
գ) այս առողջապահական ծառայությունները մատուցում են անձի բնակության վայրին հնարավորինս մոտ, ներառյալ` գյուղական վայրերում.
դ) բուժաշխատողներից պահանջում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցել նույն որակի ծառայություններ, ինչ մյուսներին` նաև հիմք ընդունելով նրանց ազատ ու գիտակցված համաձայնությունը, մասնավորապես բարձրացնելով իրազեկվածությունը մարդու իրավունքների, արժանապատվության, ինքնուրույնության և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերաբերյալ` հանրային ու մասնավոր առողջապահական բնագավառում ուսուցման և բարոյական չափորոշիչների տարածման միջոցով.
ե) արգելում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության կիրառումը բժշկական ու կյանքի ապահովագրության ոլորտում, որը պետք է տրամադրվի արդարացիորեն ու ողջամիտ կերպով, եթե ապահովագրության այս տեսակն ընդունելի է ներպետական օրենսդրությամբ.
զ) արգելում են հաշմանդամության պատճառով խտրականություն կիրառել` հրաժարվելով ցուցաբերել բժշկական աջակցություն, մատուցել առողջապահական ծառայություններ կամ տրամադրել սնունդ և հեղուկներ: