Հոդված 26
Հոդված 26
Բուժումն ու վերականգնումը
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ ու անհրաժեշտ միջոցներ, ներառյալ` հասակակիցների աջակցությունը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն ընձեռվի ձեռք բերել և պահպանել առավելագույն անկախություն, ամբողջությամբ օգտագործել ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտական կարողությունները և լիարժեքորեն ներգրավվել ու մասնակցություն ունենալ կյանքի բոլոր ոլորտներում: Այս նպատակով մասնակից պետությունները կազմակերպում, զարգացնում ու ընդլայնում են բուժական ու վերականգնողական ծառայությունները և ծրագրերը, մասնավորապես, առողջապահության, զբաղվածության, կրթության, սոցիալական ծառայության ոլորտներում այնպես, որ այդ ծառայություններն ու ծրագրերը.
ա) իրականացվեն հնարավորինս վաղ փուլում և հիմնվեն անհատի կարիքների և ուժի բազմակողմանի գնահատման վրա.
բ) նպաստեն համայնքում և հասարակական բոլոր ոլորտներում մասնակցությանն ու ներգրավվածությանը, լինեն կամավոր և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի` տեղակայված լինելով նրանց բնակության վայրին հնարավորինս մոտ, ներառյալ` գյուղական վայրերում:
2. Մասնակից պետությունները նպաստում են բուժական ու վերականգնողական ծառայություններում աշխատող մասնագետների ու անձնակազմի համար կազմակերպվող սկզբնական ու շարունակական դասընթացների զարգացմանը:
3. Մասնակից պետություններն աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված` բուժման ու վերականգնման օժանդակ պարագաներ ու տեխնոլոգիաներ ձեռք բերելուն, դրանց մասին իրազեկվածությանն ու օգտագործմանը: