Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն

1. Հիմնվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե (այսուհետ` Կոմիտե), որն իրականացնում է ստորև ներկայացված գործառույթները:

2. Կոմիտեն սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելիս պետք է կազմված լինի տասներկու փորձագետից: Եվս վաթսուն երկիր Կոնվենցիան վավերացնելուց կամ դրան միանալուց հետո Կոմիտեի անդամների թիվը պետք է ավելանա վեց անդամով, այդպիսով` անդամների առավելագույն թիվը պետք է հասնի տասնութի:

3. Կոմիտեի անդամները պետք է իրենց կարողությունների չափով իրականացնեն իրենց գործառույթները և օժտված լինեն բարոյական բարձր հատկանիշներով, սույն Կոնվենցիային առնչվող ոլորտում ճանաչված որակավորում և փորձ ունենան: Թեկնածուներ առաջադրելիս մասնակից պետությունները հատուկ ուշադրություն են դարձնում 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դրույթին:

4. Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից, ընդ որում` հաշվի է առնվում աշխարհագրական հավասար բաշխումը, քաղաքակրթությունների տարբեր ձևերի, հիմնական իրավական համակարգերի, հավասարակշիռ գենդերային ներկայացվածությունը և հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը:

5. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, մասնակից պետությունների կողմից ներկայացված տվյալ երկրի քաղաքացիներից, մասնակից պետությունների համաժողովների ժամանակ: Այս հանդիպումներում, որտեղ քվորում է ապահովում մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի անդամ է ընտրվում այն անձը, որն ստանում է առավելագույն ձայներ, ինչպես նաև մասնակից պետությունների` ներկա գտնվող և քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:

6. Նախնական ընտրությունը կայացվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Յուրաքանչյուր ընտրությունից առնվազն չորս ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկում մասնակից պետություններին` նրանց առաջարկելով երկամսյա ժամկետում ներկայացնել թեկնածուների ցուցակը: Գլխավոր քարտուղարն այնուհետև պատրաստում է ներկայացված բոլոր անձանց ցանկը այբբենական կարգով, նշելով այն մասնակից պետությունը, որը նրանց առաջադրել է, և այն ներկայացնում մասնակից պետություններին:

7. Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Նրանք կարող են մեկ անգամ վերընտրվել: Սակայն առաջին ընտրությունների ժամանակ ընտրված վեց անդամի պաշտոնավարման ժամկետը լրանում է երկու տարուց. առաջին ընտրությունից անմիջապես հետո այս վեց անդամների անուններն ընտրվում են նիստը նախագահողի կողմից կատարվող վիճակահանությամբ, ինչպես նշված է սույն հոդվածի 5-րդ կետում:

8. Կոմիտեի լրացուցիչ վեց անդամներն ընտրվում են հերթական ընտրություններում` համաձայն սույն հոդվածի համապատասխան դրույթների:

9. Եթե Կոմիտեի անդամը մահանում, հրաժարական է տալիս կամ հայտարարում, որ որևէ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, այն մասնակից պետությունը, որը նշանակել է համապատասխան թեկնածուին, առաջադրում է այլ փորձագետի, որն ունի համապատասխան որակավորում ու բավարարում է սույն հոդվածի համապատասխան դրույթներով սահմանված պահանջները: Տվյալ անդամը պետք է աշխատի մինչև սահմանված ժամկետի ավարտը:

10. Կոմիտեն հաստատում է իր ընթացակարգային կանոնները:

11. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Կոմիտեի աշխատանքների արդյունավետ իրականացման համար տրամադրում է համապատասխան անձնակազմ և նյութական միջոցներ` համաձայն սույն Կոնվենցիայի, և գումարում է դրա առաջին նիստը:

12. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հավանությամբ` սույն Կոնվենցիայով ստեղծված Կոմիտեի անդամները կստանան աշխատավարձ Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից այնպիսի պայմաններով, որոնք կսահմանի Ասամբլեան` հաշվի առնելով Կոմիտեի անդամների պարտականությունների կարևորությունը:

13. Կոմիտեի անդամներին տրվում են այնպիսի հնարավորություններ, արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սահմանված են Միավորված ազգերի կազմակերպության հարցերով առաքելություններ իրականացնող փորձագետների համար` ամրագրված «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի համապատասխան բաժիններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։