Հոդված 4
Հոդված 4
Ընդհանուր պարտավորությունները
1. Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության: Այս նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.
ա. ձեռնարկել համապատասխան օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների իրականացման համար.
բ. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու համար գործող այն օրենքները, կանոնակարգերը, սովորույթները և գործելակերպերը, որոնցում առկա է խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ.
գ. հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցել դրանց իրականացմանը ռազմավարությունների և ծրագրերի միջոցով.
դ. ձեռնպահ մնալ սույն Կոնվենցիային հակասող ցանկացած գործողության կամ գործընթացի մասնակցելուց և ապահովել, որ պետական իշխանություններն ու հաստատությունները գործեն սույն Կոնվենցիայի համաձայն.
ե. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` բացառելու համար հաշմանդամության պատճառով խտրականությունը որևէ անձի, կազմակերպության կամ մասնավոր ձեռնարկության կողմից.
զ. նախաձեռնել և նպաստել սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված` համընդհանուր ձևավորում ունեցող ապրանքների, ծառայությունների, սարքավորումների և հաստատությունների վերաբերյալ հետազոտություններին և զարգացումներին, որոնք կպահանջեն նվազագույն հարմարեցում և ծախսեր` բավարարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները, կխթանեն դրանց մատչելիությունն ու գործածումը, ինչպես նաև կնպաստեն համընդհանուր ձևավորման կիրառմանը չափորոշիչներ ու ուղեցույցներ մշակելիս.
է. նախաձեռնել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և զարգացումներ և նպաստել դրանց, ինչպես նաև խթանել դրանց մատչելիությունն ու գործածումը, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շարժունակություն ապահովող պարագաները, սարքերը և օժանդակող տեխնոլոգիաները, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նախընտրելով նվազագույն ծախսեր պահանջող տեխնոլոգիաներ.
ը. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն տրամադրել շարժունակություն ապահովող պարագաների, սարքերի և օժանդակող տեխնոլոգիաների, այդ թվում` նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև օգնության այլ ձևերի, աջակցող ծառայությունների ու հարմարությունների մասին.
թ. խթանել մասնագետների ու հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անձնակազմի ուսուցումը սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների մասին` նպատակ ունենալով բարելավել տրամադրվող աջակցությունն ու ծառայությունները, որոնք երաշխավորված են այդ իրավունքներով:
2. Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավոր է քայլեր ձեռնարկել իր առկա միջոցների առավելագույն չափով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջազգային համագործակցության շրջանակներում, նպատակ ունենալով աստիճանաբար հասնել այդ իրավունքների լիակատար իրականացմանը` չխախտելով սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները, որոնք ենթակա են անհապաղ կատարման` միջազգային իրավունքի համաձայն:
3. Սույն Կոնվենցիայի կիրարկման համար օրենսդրություն և ռազմավարություններ մշակելիս ու իրականացնելիս, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ն առնչվող հիմնահարցերի վերաբերյալ այլ որոշումներ կայացնելիս մասնակից պետությունները պետք է խորհրդակցեն հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցով, և ակտիվորեն ներգրավեն նրանց այդ գործընթացներում:
4. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի ազդում այնպիսի դրույթների վրա, որոնք առավել նպաստավոր են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման համար, և որոնք ընդգրկված են որևէ մասնակից պետության օրենսդրության մեջ կամ տվյալ պետության համար գործող միջազգային իրավունքի նորմերում: Չպետք է սահմանափակվի կամ խախտվի մարդու որևէ իրավունք կամ հիմնարար ազատություն, ընդունված կամ գործող սույն Կոնվենցիայի մասնակից պետություններում` օրենսդրության, կոնվենցիաների, կանոնակարգերի կամ սովորույթների համաձայն, այն պատճառաբանությամբ, որ սույն Կոնվենցիան չի ճանաչում այդ իրավունքներն ու ազատությունները կամ ճանաչում է ավելի պակաս չափով:
5. Սույն Կոնվենցիայի դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր մասերի վրա` առանց որևէ սահմանափակման կամ բացառության: