Հոդված 2
Հոդված 2
Հիմնական հասկացություններ
Սույն Կոնվենցիայի իմաստով.
«Կենսաբանական բազմազանություն» նշանակում է` բոլոր աղբյուրներից առաջացող կենդանի օրգանիզմների փոփոխունությունը` ներառյալ, մասնավորապես, ցամաքային, ծովային և այլ ջրային էկոհամակարգերը և էկոլոգիական համալիրները, որոնց մասն են դրանք հանդիսանում: Սույն հասկացությունն ընդգրկում է նաև մեկ տեսակի շրջանակներում և տարբեր տեսակների միջև առկա բազմազանությունը և էկոհամակարգերի բազմազանությունը:
«Կենսաբանական պաշարներն» ընդգրկում են գենետիկական պաշարները, օրգանիզմները կամ դրանց մասերը, պոպուլյացիաները և էկոհամակարգերի ցանկացած այլ բիոտիկ բաղադրիչները, որոնք մարդկության համար փաստացի կամ պոտենցիալ օգուտներ և արժեք են պարունակում:
«Կենսատեխնոլոգիա» նշանակում է` տեխնոլոգիայի ցանկացած այնպիսի տեսակ, որը կապված է կենսաբանական համակարգերի, կենդանի օրգանիզմների կամ դրանց ածանցյալների օգտագործման հետ` հատուկ նպատակների համար ապրանքներ կամ գործընթացներ ստանալու կամ փոփոխելու նպատակով:
«Գենետիկական պաշարներ տրամադրող երկիրը» տեղական աղբյուրներից հավաքված գենետիկական պաշարներ տրամադրող երկիրն է` ներառյալ ինչպես վայրի, այնպես էլ ընտելացված կենդանիները կամ տեղական աղբյուրներից ստացված պաշարները` անկախ դրանց ծագման երկրից:
«Ընտելացված և մշակվող տեսակներն» այն տեսակներն են, որոնց էվոլյուցիայի գործընթացն ազդեցության է ենթարկվում մարդու կողմից` իր իսկ կարիքների բավարարման նպատակով:
«Էկոհամակարգ» նշանակում է` որպես մեկ գործառական ամբողջություն գործող` բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց շրջապատող ոչ կենդանի բնության դինամիկ համալիր:
«Տեղերից դուրս պահպանում» նշանակում է` կենսաբանական բազմազանության բաղադրիչների պահպանում դրանց բնակության միջավայրից դուրս:
«Գենետիկական նյութ» նշանակում է` ժառանգականության գործառական միավորներ պարունակող` բուսական, կենդանական, մանրէական կամ այլ ծագման ցանկացած նյութ:
«Գենետիկական պաշարներ» նշանակում է` փաստացի կամ պոտենցիալ արժեք ներկայացնող գենետիկական նյութ:
«Բնակության միջավայր» նշանակում է` այս կամ այն օրգանիզմի կամ պոպուլյացիայի բնական բնակության տեղանք կամ վայր:
«Տեղական պայմաններն» այն պայմաններն են, որոնցում էկոհամակարգերի կամ բնական բնակության միջավայրերի շրջանակներում գոյատևում են գենետիկական պաշարները, իսկ ընտելացված կամ մշակվող տեսակների համար` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները:
«Պահպանում տեղերում» նշանակում է` էկոհամակարգերի և բնակության բնական միջավայրերի պահպանումը, ինչպես նաև տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանումը և վերականգնումն իրենց բնական միջավայրում, իսկ ընտելացված կամ մշակվող տեսակների համար` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները:
«Պահպանվող շրջանը» որոշակի աշխարհագրական տարածք է, որն առանձնացվում, կարգավորվում կամ կառավարվում է որոշակի բնապահպանական նպատակների համար:
«Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը» տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից ստեղծված այնպիսի կազմակերպություն է, որին իր անդամ պետություններն օժտել են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ լիազորություններով, և որը, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, իրավասու է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու սույն Կոնվենցիան կամ միանալու դրան:
«Կայուն շահագործում» նշանակում է` կենսաբանական բազմազանության բաղադրիչների այնպիսի եղանակով կամ տեմպերով շահագործում, որը երկարաժամկետ կտրվածքով չի բերում կենսաբանական բազմազանության սպառման` դրանով իսկ պահպանելով ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու և սպասումներն արդարացնելու դրա ներուժը:
«Տեխնոլոգիան» ներառում է կենսատեխնոլոգիան: