Հոդված 21
Հոդված 21
Ֆինանսավորման մեխանիզմ
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ֆինանսական միջոցների տրամադրումը կարգավորելու նպատակով սահմանվում է ֆինանսական մեխանիզմ, որի հիմնական տարրերի նկարագրությունը տրվում է սույն հոդվածում: Սույն Կոնվենցիայի նպատակների համար այն գործում է Կողմերի խորհրդաժողովի ղեկավարության և վերահսկողության ներքո և հաշվետու է նրա առջև: Մեխանիզմի գործելն ապահովում է այն վարչական կառույցը, որը Կողմերի խորհրդաժողովը կարող է սահմանել իր առաջին նիստի ժամանակ: Սույն Կոնվենցիայի նպատակների համար Կողմերի խորհրդաժողովը սահմանում է այդ միջոցների մատչելիությունը և օգտագործումը կարգավորող քաղաքականությունը, ռազմավարությունը, ծրագրային առաջնայնությունները և չափանիշները: Վճարները կատարվում են 20-րդ հոդվածում նշված ֆինանսական միջոցների կանխատեսելի, բավարար և ժամանակին հոսքն ապահովելու նկատառումով, որոնք համապատասխանում են առկա կարիքներին, որոնց չափերը պարբերաբար սահմանվում են Կողմերի խորհրդաժողովի կողմից, ինչպես նաև հաշվի առնելով 20-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` ֆինանսավորմանը մասնակցող Կողմերի ծախսերի հավասար բաշխման կարևորությունը: Կամավոր վճարումներ կարող են կատարվել նաև զարգացող երկրներ հանդիսացող Կողմերից, ինչպես նաև այլ երկրներից և աղբյուրներից: Մեխանիզմը գործում է կառավարման ժողովրդավարական և բաց համակարգի հիման վրա:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան` Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին սահմանում է ֆինանսական միջոցների մատչելիությունը և դրանց օգտագործումը կարգավորող քաղաքականությունը, ռազմավարությունը և ծրագրային առաջնայնությունները, ինչպես նաև մանրամասն չափանիշները և ղեկավար սկզբունքները` ներառյալ օգտագործման պարբերական վերահսկման միջոցները և դրանց գնահատումը: Ֆինանսական մեխանիզմի աշխատանքը ղեկավարող համապատասխան վարչական կառույցի հետ խորհրդակցելուց հետո Կողմերի խորհրդաժողովը որոշում է ընդունում 1-ին կետի դրույթների կատարման համար անհրաժեշտ միջոցների մասին:
3. Կողմերի խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից առնվազն երկու տարի հետո, իսկ հետագայում` պարբերական հիմունքներով, իրականացնում է սույն հոդվածին համապատասխան ստեղծված ֆինանսական մեխանիզմի աշխատանքի, այդ թվում` 2-րդ կետում նշված չափանիշների և ղեկավար սկզբունքների արդյունավետության գնահատում: Այդպիսի գնահատման արդյունքների հիման վրա նա անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է մեխանիզմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցներ:
4. Պայմանավորվող կողմերը քննարկում են գործող ֆինանսական հաստատությունների ամրապնդման խնդիրը` կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով: