Հոդված 20
Հոդված 20
Ֆինանսական պաշարներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր հնարավորությունների սահմաններում և իր ազգային պլաններին, առաջնայնություններին և ծրագրերին համապատասխան, պարտավորվում է ապահովել ազգային մակարդակի վրա իրականացվող գործունեության այնպիսի տեսակների ֆինանսավորումն ու խթանումը, որոնք ուղղված են սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանը:
2. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրում` հնարավորություն տալով զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին հոգալ սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարումից բխող ամբողջական լրացուցիչ համաձայնեցված ծախսերը և օգուտներ ստանալ Կոնվենցիայի դրույթների կատարումից: Այդ ծախսերը համաձայնեցվում են զարգացող երկիր հանդիսացող Կողմի և 21-րդ հոդվածում նշված վարչական կառույցի միջև` քաղաքականությանը, ռազմավարությանը, ծրագրային առաջնայնություններին և իրավասությունների չափանիշներին, ինչպես նաև Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված լրացուցիչ ծախսերի կողմնորոշիչ ցանկին համապատասխան: Այլ Կողմերն, այդ թվում` շուկայական տնտեսության անցնելու փուլում գտնվող երկրները, կարող են կամավոր ստանձնել զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի համար սահմանված պարտավորությունները: Սույն հոդվածի նպատակների համար Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին սահմանում է զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի, ինչպես նաև զարգացող երկրների համար սահմանված պարտավորությունները ստանձնող այլ Կողմերի ցանկը: Կողմերի խորհրդաժողովը պարբերաբար վերանայում է ցանկը և անհրաժեշտության դեպքում դրանում փոփոխություններ և լրացումներ է կատարում: Կխրախուսվեն նաև այլ երկրների կողմից և այլ աղբյուրներից կամավոր կերպով կատարվող նվիրատվությունները: Այդ պարտավորությունները կատարելիս հաշվի են առնվում ֆինանսական միջոցների համապատասխանության, կանխատեսելիության և ճիշտ ժամանակին հատկացվելու անհրաժեշտությունը և ցանկում ընդգրկված ու ֆինանսավորմանը մասնակցող Կողմերի ծախսերի համահավասար բաշխման կարևորությունը:
3. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը կարող են նաև երկկողմանի, տարածաշրջանային և այլ բազմակողմանի ուղիներով տրամադրել, իսկ զարգացող երկրները` օգտվել սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված ֆինանսական միջոցներից:
4. Սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները արդյունավետ կերպով կատարելու` զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի կարողությունները կախված կլինեն զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի համար սույն Կոնվենցիայով սահմանված` ֆինանսական միջոցների և տեխնոլոգիայի տրամադրման հետ կապված պարտավորությունների կատարումից և ամբողջությամբ հաշվի կառնեն այն փաստը, որ սոցիալ-տնտեսական զարգացումը և աղքատության վերացումը զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի կարևորագույն առաջնահերթություն ունեցող խնդիրն է հանդիսանում:
5. Ֆինանսական միջոցների և տեխնոլոգիայի տրամադրման հետ կապված գործողություններ իրականացնելիս Կողմերը լիարժեք կերպով հաշվի են առնում առավել թույլ զարգացած երկրների որոշակի կարիքները և հատուկ պայմանները:
6. Պայմանավորվող կողմերը նկատի են առնում նաև այն հատուկ պայմանները, որոնք առաջանում են սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող Կողմեր զարգացող երկրներում, հատկապես կղզիների վրա գտնվող փոքր երկրներում կենսաբանական բազմազանությունից կախված լինելու, դրա բաշխման և տարածման արդյունքում:
7. Անհրաժեշտ է նաև հաշվի առնել զարգացող երկրների հատուկ դրությունը` ներառյալ այն երկրները, որոնք առավել խոցելի են էկոլոգիական տեսանկյունից, ինչպիսիք են չոր և կիսաչոր գոտիներ ու առափնյա և լեռնային շրջաններ ունեցող երկրները: