Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Կողմերի խորհրդաժողովը

1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողով: Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստը գումարվում է Միավորված ազգերի կազմակերպության` շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի կողմից` ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո: Հետագայում Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերը գումարվում են Կողմերի խորհրդաժողովի կողմից` առաջին նիստին սահմանված պարբերականությամբ:

2. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ նիստերը գումարվում են այն ժամանակ, երբ Խորհրդաժողովը կարող է դա անհրաժեշտ համարել, կամ` Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի համաձայն` պայմանով, որ քարտուղարության կողմից դիմումն իրենց ուղարկելու պահից վեց ամսվա ընթացքում դրան կողմ հանդես գա Կողմերի առնվազն մեկ երրորդը:

3. Կողմերի խորհրդաժողովը փոխհամաձայնությամբ սահմանում և ընդունում է իր ընթացակարգի կանոնները, ինչպես նաև ցանկացած այնպիսի օժանդակ մարմնի ընթացակարգի կանոնները, որոնք ինքը կարող է հիմնադրել, ինչպես նաև քարտուղարության ֆինանսավորումը կարգավորող ֆինանսական կանոնները:

4. Կողմերի խորհրդաժողովը վերահսկում է սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը և այդ նպատակով.

ա/ սահմանում է 26-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվության տրամադրման ձևը և պարբերականությունը, ուսումնասիրում է այդ տեղեկատվությունը, ինչպես նաև ցանկացած օժանդակ մարմնի կողմից ներկայացվող զեկույցները,

բ/ ուսումնասիրում է 25-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող` կենսաբանական բազմազանության վերաբերյալ գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական առաջարկությունները,

գ/ 28-րդ հոդվածին համապատասխան` քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է արձանագրություններ,

դ/ 29-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան` քննարկում է սույն Կոնվենցիայում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները և անհրաժեշտության դեպքում ընդունում դրանք,

ե/ քննարկում է ցանկացած արձանագրության մեջ, ինչպես նաև նրա ցանկացած հավելվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները և համապատասխան որոշման ընդունման դեպքում տվյալ արձանագրության կողմերին առաջարկում է ընդունել դրանք,

զ/ 30-րդ հոդվածին համապատասխան` քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածները,

է/ հիմնադրում է այնպիսի օժանդակ մարմիններ, մասնավորապես գիտական և տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվություն ստանալու նպատակով, որոնք կարող են անհրաժեշտ համարվել սույն Կոնվենցիայի իրագործման համար,

ը/ քարտուղարության միջոցով շփումներ է պահպանում սույն Կոնվենցիայի շրջանակներում ընդգրկված հարցերը շոշափող այլ կոնվենցիաների գործադիր մարմինների հետ` համագործակցության համապատասխան ձևաչափեր մշակելու նպատակով, և

թ/ քննարկում և ձեռնարկում է այնպիսի լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են պահանջվել սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար` հաշվի առնելով իրականացման ընթացքում կուտակված փորձը:

5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի անդամ չհանդիսացող ցանկացած պետություն կարող են Կողմերի խորհրդաժողովին ներկայացված լինել դիտորդների կարգավիճակով: Ցանկացած այլ մարմին կամ հաստատություն, պետական թե հասարակական, որը փորձառու է կենսաբանական բազմազանության պահպանմանը և կայուն շահագործմանն առնչվող ոլորտներում, և որը քարտուղարությանը տեղեկացրել է դիտորդների կարգավիճակով Կողմերի խորհրդաժողովին ներկայացված լինելու իր ցանկության մասին, կարող է մասնակցել դրան, եթե այդ մասնակցության դեմ չի առարկում նիստին ներկա Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների մուտքը և մասնակցությունը կարգավորվում են Կողմերի խորհրդաժողովի կողմից ընդունված ընթացակարգի կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։