Հոդված 157. Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը
Հոդված 157. Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը
1. Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝
1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ նշանակվել է տուգանք.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար պատգամավորը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկել է վարչական պատասխանատվության:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու մարմինը որոշման պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հրավիրում է Խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, և այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում պատգամավորին:
5. Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը Խորհրդի նիստում ներկայացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերը՝ Ազգային ժողովի նախագահը: Հարցի քննարկման ընթացքում՝ համապատասխան փաստաթղթում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ անձը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:
7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:
8. Եթե հարցի քննարկումն սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝
1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը.
2) չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
(157-րդ հոդվածը փոփ. 13.09.19 ՀՕ-175-Ն)