Հոդված 47. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստի գումարման և անցկացման կարգը
Հոդված 47. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստի գումարման և անցկացման կարգը
1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
2. Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:
3. Հարցի քննարկման ընթացքում՝
1) հիմնական զեկուցմամբ և եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.
2) հարակից զեկուցում չի լինում.
3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ:
4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել ռազմական դրությունը կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 106-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված: