Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 58. Մտքերի փոխանակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58. Մտքերի փոխանակությունը

1. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) պատգամավորների և հրավիրված անձանց ելույթներ.

2) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ.

3) եզրափակիչ ելույթներ:

2. Եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով ելույթների համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ելույթների համար հատկացվում է տասական րոպե:

3. Եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված է, ապա ընդդիմադիր և կառավարող խմբակցություններում ընդգրկված՝ հերթագրված պատգամավորները ելույթ են ունենում փոխառփոխ:

4. Մինչև եզրափակիչ ելույթները արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչև քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ փոխվարչապետներից մեկը:

5. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

6. Խմբակցության անունից ելույթի գրավոր հայտը, որը ներառում է նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնել՝

1) նախապես՝ մինչև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումը կամ

2) Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում՝ մինչև պատգամավորների և հրավիրված անձանց ելույթների ավարտը:

7. Եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից և հիմնական զեկուցողը, ինչպես նաև Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող այլ անձինք:

8. Հարցի քննարկման ընթացքում ելույթի իրավունքից զրկվում են՝

1) հերթագրված՝ դահլիճից բացակայող պատգամավորները, խմբակցությունների ներկայացուցիչները և հրավիրված անձինք.

2) հերթագրված պատգամավորները՝ ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

9. Հերթագրված, սակայն ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելու կամ այլ պատճառով ելույթ չունեցած պատգամավորները կարող են հարցի քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմ ուղարկել իրենց գրավոր ելույթի տեքստը, որն Աշխատակազմը ներառում է Ազգային ժողովի նիստի սղագրությունում:

10. Ելույթների համար հերթագրման, ինչպես նաև ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։