Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 31. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

1. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն նախագահում է Ազգային ժողովի նախագահը կամ նրան փոխարինող տեղակալը:

2. Խորհրդի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Խորհրդի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու, ինչպես նաև զեկուցողին հարցեր տալու կամ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Խորհրդի անդամները: Խորհրդի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Խորհրդի որոշմամբ:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Խորհրդի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Խորհրդի նիստից բացակայող Խորհրդի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

6. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող Խորհրդի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին: Խորհրդի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին Խորհրդի անդամի որոշումը: Խորհրդի նիստը նախագահողը ծրարը բացում և գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:

(31-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։