Հոդված 16. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը
Հոդված 16. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը
(վերնագիրը փոփ. 03.07.26 ՀՕ-283-Ն)
1․ Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:
2. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:
3. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:
4. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու ժամկետը:
4․1․ Ազգային ժողովի նախագահը առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:
5. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի իրավասությունները և գործառույթները:
6. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:
7. (մասն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-283-Ն)
(16-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-283-Ն)