Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Սնդիկի թափոններ

1. Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի համապատասխան սահմանումները կիրառվում են սույն Կոնվենցիայով կարգավորվող թափոնների նկատմամբ Բազելի կոնվենցիայի կողմերի համար: Սույն Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք Բազելի կոնվենցիայի կողմեր չեն, օգտագործում են այդ սահմանումները որպես ուղեցույց սույն Կոնվենցիայով կարգավորվող թափոնների առնչությամբ:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար` սնդիկի թափոններ նշանակում են՝ այն նյութերը կամ առարկաները, որոնք.

(a) բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից,

(b) պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ

(c) վարակված են սնդիկով կամ սնդիկի միացություններով,

այն քանակով, որը գերազանցում է այն շեմը, որը սահմանել է Կողմերի խորհրդաժողովը՝ համագործակցելով Բազելի կոնվենցիայի համապատասխան մարմինների հետ՝ ներդաշնակեցման եղանակով, և որոնք տնօրինվում են կամ նախատեսվում է, որ պետք է տնօրինվեն, կամ պահանջվում է, որ տնօրինվեն ազգային օրենսդրության կամ սույն Կոնվենցիայի դրույթներով: Այս սահմանումը չի ներառում հանքահանությունից գոյացող փոխաբեռնումները, ապարները և պոչամբարները՝ բացառությամբ սնդիկի առաջնային հանքահանության, եթե միայն դրանք չեն պարունակում սնդիկ կամ սնդիկի միացություններ, որոնք կգերազանցեն Կողմերի խորհրդաժողովի սահմանած շեմը:

3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի սնդիկի թափոնները.

(a) կառավարվեն շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` հաշվի առնելով Բազելի կոնվենցիայի շրջանակներում մշակված ուղեցույցները և այն պահանջներին համապատասխան, որոնք Կողմերի խորհրդաժողովն ընդունում է լրացուցիչ հավելվածով՝ 27-րդ հոդվածի համաձայն: Այդ պահանջները մշակելիս Կողմերի խորհրդաժողովը հաշվի է առնում Կողմերի` թափոնների կառավարման կարգավորումները և ծրագրերը,

(b) միայն վերականգնվեն, վերամշակվեն, վերստացվեն կամ ուղղակիորեն վերօգտագործվեն այնպիսի կիրառության համար, որը սույն Կոնվենցիայով թույլ է տրվել Կողմին, կամ տնօրինվեն շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` համաձայն 3-րդ կետի (a) ենթակետի,

(c) Բազելի կոնվենցիայի Կողմերի համար չփոխադրվեն միջազգային սահմաններով՝ բացառությամբ շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող տնօրինման նպատակով` սույն հոդվածին և այդ Կոնվենցիային համապատասխան: Այն հանգամանքներում, երբ Բազելի կոնվենցիան չի կիրառվում միջազգային սահմաններով փոխադրումների նկատմամբ, Կողմը նման փոխադրում թույլ է տալիս միայն համապատասխան միջազգային կանոնները, չափորոշիչներն ու ուղեցույցները հաշվի առնելուց հետո:

4. Կողմերի խորհրդաժողովը կձգտի սերտորեն համագործակցել Բազելի կոնվենցիայի համապատասխան մարմինների հետ 3-րդ կետի (a) ենթակետում նշված ուղեցույցների վերանայման և լրամշակման գործում:

5. Խրախուսվում է Կողմերի համագործակցությունը միմյանց և համապատասխան միջկառավարական կազմակերպությունների ու այլ մարմինների հետ, ըստ անհրաժեշտության, սնդիկի թափոնների՝ շրջակա միջավայրի համար անվտանգ կառավարման համաշխարհային, տարածաշրջանային և ազգային կարողություններ ձևավորելու և պահպանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։