Հոդված 13
Հոդված 13
Ֆինանսական ռեսուրսներ և մեխանիզմներ
1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է իր կարողությունների շրջանակներում տրամադրել ռեսուրսներ սույն Կոնվենցիայի կիրարկումն ապահովելուն ուղղված՝ իր կողմից ձեռնարկվելիք ազգային գործողությունների համար` համաձայն իր ազգային քաղաքականության, առաջնահերթությունների, պլանների և ծրագրերի: Այդ ռեսուրսները կարող են ներառել ներպետական ֆինանսական միջոցներ համապատասխան քաղաքականության, զարգացման ռազմավարության և պետական բյուջեների ու երկկողմ և բազմակողմ ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման միջոցով:
2. Սույն Կոնվենցիայի կիրարկման ընդհանուր արդյունավետությունը զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար առնչվում է սույն հոդվածի արդյունավետ կիրարկմանը:
3. Ֆինանսական և տեխնիկական աջակցության, ինչպես նաև կարողությունների ձևավորման և տեխնոլոգիաների փոխանցման՝ բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ աղբյուրները խրախուսվում են հրատապ կարգով զարգացնելու և ծավալելու իրենց գործունեությունը սնդիկի ոլորտում` աջակցելու համար զարգացող երկիր հանդիսացող Կողմերին սույն Կոնվենցիայի կիրարկման հարցում` կապված ֆինանսական ռեսուրսների, տեխնիկական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման հետ:
4. Ֆինանսավորման հետ կապված իրենց գործողություններում Կողմերը լիարժեքորեն հաշվի են առնում զարգացող փոքր կղզի-պետություններ կամ թույլ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի հատուկ կարիքներն ու առանձնահատուկ հանգամանքները:
5. Սույնով սահմանվում է համարժեք, կանխատեսելի և ժամանակին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների մեխանիզմ: Մեխանիզմն աջակցելու է զարգացող երկիր հանդիսացող Կողմերին և անցումային տնտեսությամբ Կողմերին սույն Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման գործում:
6. Մեխանիզմը պետք է ներառի.
(a) Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը և
(b) Հատուկ միջազգային ծրագիր՝ աջակցելու համար կարողությունների ձևավորմանը և տեխնիկական աջակցությանը:
7. Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը ճիշտ ժամանակին տրամադրում է նոր, կանխատեսելի, համարժեք ֆինանսական ռեսուրսներ` սույն Կոնվենցիայի կիրարկմանն աջակցության ծախսերը հոգալու համար` ըստ Կողմերի խորհրդաժողովի պայմանավորվածության: Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը գործում է Կողմերի խորհրդաժողովի ուղղորդմամբ և հաշվետու է վերջինիս: Կողմերի խորհրդաժողովն ուղեցույց է տրամադրում ֆինանսական ռեսուրսների մատչելիության և օգտագործման ընդհանուր ռազմավարության, քաղաքականության, ծրագրային առաջնահերթությունների և ընտրության չափանիշների վերաբերյալ: Ի լրումն սրա` Կողմերի խորհրդաժողովը տրամադրում է ուղեցույց այն գործողությունների տեսակների մոտավոր ցանկի վերաբերյալ, որոնք կարող են օժանդակություն ստանալ Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամից: Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը տրամադրում է ռեսուրսներ` հոգալու համար համաձայնեցված լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են գլոբալ էկոլոգիական առավելություններ ստանալու հետ, և համաձայնեցված լիարժեք ծախսերը, որոնք կապված են որոշ խթանող գործունեության հետ:
8. Որևէ գործողության համար ռեսուրս տրամադրելիս Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը պետք է հաշվի առնի առաջարկվող գործողության արդյունքում սնդիկի հավանական կրճատումը` համեմատած դրա ծախսերի հետ:
9. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` 6-րդ կետի (b) ենթակետում վկայակոչված Ծրագիրը գործարկվելու է Կողմերի խորհրդաժողովի ուղղորդման ներքո և հաշվետու է լինելու վերջինիս: Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ որոշելու է Ծրագիրը հյուրընկալող կառույցը, որը պետք է լինի գործող մարմին և ուղեցույց տրամադրի վերջինիս, այդ թվում` դրա տևողության մասին: Բոլոր Կողմերը և այլ շահագրգիռ կողմերը հրավիրվում են՝ ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու Ծրագրին կամավորության հիմունքներով:
10. Կողմերի խորհրդաժողովը և Մեխանիզմը կազմող մարմինները Կողմերի խորհրդաժողովի առաջին հանդիպման ժամանակ համաձայնության են գալիս վերոնշյալ կետերը կենսագործելու կարգավորումների շուրջ:
11. Կողմերի խորհրդաժողովը իր երրորդ հանդիպումից ոչ ուշ, իսկ դրանից հետո կանոնավոր հիմունքներով վերանայում է ֆինանսավորման մակարդակը, Կողմերի` խորհրդաժողովի տրամադրած ուղեցույցները այն մարմիններին, որոնց վստահված է սույն հոդվածով ստեղծված Մեխանիզմի գործարկումը և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև դրանց կարողությունները բավարարելու՝ զարգացող երկիր հանդիսացող Կողմերի և անցումային տնտեսություններով Կողմերի փոփոխվող կարիքները: Նման վերանայման հիման վրա Կողմերի խորհրդաժողովը կձեռնարկի համապատասխան գործողություններ` բարելավելու համար Մեխանիզմի արդյունավետությունը:
12. Բոլոր Կողմերը, իրենց կարողությունների շրջանակներում, հրավիրվում են իրենց ներդրումն ունենալու Մեխանիզմի կայացմանը: Մեխանիզմը խրախուսում է ռեսուրսների տրամադրումն այլ աղբյուրներից, այդ թվում` մասնավոր հատվածից, և կփորձի օգտագործել այդ ռեսուրսները իր օժանդակությունը վայելող գործողությունների համար: