Հոդված 15
Հոդված 15
Կիրարկման և համապատասխանության կոմիտեն
1. Սույնով ստեղծվում է մեխանիզմ, այդ թվում` Կոմիտե` որպես Կողմերի խորհրդաժողովի օժանդակ մարմին, խթանելու համար սույն Կոնվենցիայի բոլոր դրույթների կիրարկումը և դիտարկելու համապատասխանությունը դրանց: Մեխանիզմը, այդ թվում` Կոմիտեն, ունեն հեշտացման բնույթ և պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Կողմերի համապատասխան ազգային կարողություններին և հանգամանքներին:
2. Կոմիտեն կխրախուսի սույն Կոնվենցիայի բոլոր դրույթների կիրարկումը և դրանց համապատասխանության դիտարկումը: Կոմիտեն քննության է առնում կիրարկման և համապատասխանության անհատական և համակարգային հարցերը և, ըստ անհրաժեշտության, տալիս առաջարկություններ Կողմերի խորհրդաժողովին:
3. Կոմիտեն կազմված է Կողմերի նշանակած և Կողմերի խորհրդաժողովի կողմից ընտրված 15 անդամից` պատշաճորեն հաշվի առնելով հավասարակշռված աշխարհագրական ներկայացուցչությունը` Միավորված ազգերի կազմակերպության հինգ տարածաշրջանների հիման վրա. առաջին անդամներն ընտրվում են Կողմերի խորհրդաժողովի առաջին հանդիպմանը, իսկ դրանից հետո` Կողմերի խորհրդաժողովի կողմից հաստատված ընթացակարգով՝ համաձայն 5-րդ կետի. Կոմիտեի անդամները պետք է իրավազոր լինեն սույն Կոնվենցիային առնչվող ոլորտներում և Կոմիտեում արտահայտեն փորձագիտական պատշաճ հավասարակշռություն:
4. Կոմիտեն կարող է հարցեր քննարկել հետևյալ հիմքերով.
(a) որևէ Կողմի գրավոր դիմումով՝ իր կողմից համապատասխանության առնչությամբ,
(b) ազգային զեկույցների հիման վրա` համաձայն 21-րդ հոդվածի, և
(c) Կողմերի խորհրդաժողովի դիմումով:
5. Կոմիտեն մշակում է իր ընթացակարգը, որը պետք է հաստատվի Կողմերի խորհրդաժողովի երկրորդ հանդիպման ժամանակ: Կողմերի խորհրդաժողովը կարող է լրացուցիչ պայմաններ ընդունել Կոմիտեի համար:
6. Կոմիտեն գործադրում է բոլոր ջանքերը իր հանձնարարականները կոնսենսուսով ընդունելու համար: Եթե սպառվել են կոնսենսուսի ուղղությամբ ձեռնարկված բոլոր ջանքերը, և կոնսենսուս չկա, որպես վերջին լուծում՝ նման հանձնարարականներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած անդամների ձայների երեք քառորդ մեծամասնությամբ՝ անդամների երկու երրորդ քվորումի հիման վրա: