Հոդված 7
Հոդված 7
Ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանություն
1. Սույն հոդվածի և C Հավելվածի միջոցառումները կիրառվում են ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման նկատմամբ, որտեղ օգտագործվում են սնդիկի ամալգամներ՝ երկաթաքարից ոսկի ստանալու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ, որի տարածքում սույն հոդվածի համաձայն տեղի է ունենում ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանություն, պետք է ձեռնարկի քայլեր՝ նվազեցնելու, իսկ հնարավորության դեպքում՝ նաև վերացնելու սնդիկի և սնդիկի միացությունների օգտագործումը և սնդիկի արտանետումներն ու արտազատումները շրջակա միջավայր նմանօրինակ հանքահանությունից և մշակումից:
3. Յուրաքանչյուր Կողմ ծանուցում է Քարտուղարությանը, եթե երբևէ որոշում է, որ այդ ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանությունը և մշակումն իր տարածքում աննշանից ավելի է: Եթե Կողմն այդպես է որոշում, վերջինս պետք է.
(a) համաձայն C Հավելվածի` մշակի և իրականացնի գործողությունների ազգային ծրագիր,
(b) իր գործողությունների ազգային ծրագիրը ներկայացնի Քարտուղարությանը ոչ ուշ, քան Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում կամ Քարտուղարությանը ծանուցելուց հետո երեք տարվա ընթացքում՝ կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի ուշ, և
(c) դրանից հետո՝ երեք տարին մեկ, իրականացնի դիտարկում սույն հոդվածով սահմանված իր պարտավորությունների կատարման առաջընթացի մասին և ներառի այդ դիտարկումները 21-րդ հոդվածի համաձայն ներկայացրած իր զեկույցներում:
4. Կողմերը կարող են, ըստ անհրաժեշտության, համագործակցել միմյանց հետ և համապատասխան միջկառավարական կազմակերպությունների և այլ միավորների հետ` սույն հոդվածով սահմանված նպատակներին հասնելու համար: Այդ համագործակցությունը կարող է ներառել.
(a) ռազմավարության մշակում` կանխարգելելու համար ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության մեջ սնդիկի և սնդիկի միացությունների օգտագործումից բացի որևէ այլ կիրառության շեղումները,
(b) կրթական, իրազեկման և կարողությունների ձևավորման նախաձեռնություններ,
(c) գիտական հետազոտությունների խրախուսումը սնդիկ չպարունակող կայուն այլընտրանքային գործելակարգերում,
(d) տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրում,
(e) գործընկերությունը սույն հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարմանն աջակցելու համար, և
(f) տեղեկության փոխանակման առկա մեխանիզմների կիրառումը՝ խթանելու համար գիտելիքը, լավագույն բնապահպանական գործելակարգերը և բնապահպանական, տեխնիկական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից կենսունակ այլընտրանքային տեխնոլոգիաները: