Հոդված 25
Հոդված 25
Վեճերի լուծումը
1. Կողմերը փորձում են լուծել սույն Կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառության վերաբերյալ իրենց միջև ծագող բոլոր վեճերը բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցներով:
2. Սույն Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ Կոնվենցիային միանալիս կամ դրանից հետո՝ ցանկացած պահի, Կողմը, որը տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն չէ, կարող է ավանդապահին հանձնած գրավոր փաստաթղթով հայտարարել, որ սույն Կոնվենցիայի մեկնաբանությանը կամ կիրառությանն առնչվող որևէ վեճում ինքը ճանաչում է վեճերի կարգավորման հետևյալ մեկ կամ երկու միջոցները որպես պարտադիր որևէ Կողմի առնչությամբ, որն ընդունում է նույն պարտավորությունը.
(a) արբիտրաժ` համաձայն Ե Հավելվածի I մասով սահմանված ընթացակարգի,
(b) վեճերի հանձնում արդարադատության միջազգային դատարան:
3. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է նմանատիպ հայտարարություն անել արբիտրաժի վերաբերյալ` համաձայն 2-րդ կետի:
4. 2-րդ կամ 3-րդ կետերի համաձայն արված հայտարարությունը մնում է ուժի մեջ մինչև դրա ժամկետի լրանալը` ըստ դրա համար նախատեսված պայմանների, կամ՝ երեք ամիս՝ այն բանից հետո, երբ այն չեղարկելու մասին գրավոր ծանուցումը հանձնվում է ավանդապահին:
5. Հայտարարության ժամկետի լրանալը, այն չեղարկելու մասին ծանուցումը կամ նոր հայտարարությունը որևէ կերպ չեն ազդում արբիտրաժային դատարանում կամ արդարադատության միջազգային դատարանում ընթացող գործընթացների վրա, եթե վեճի կողմերն այլ բանի շուրջ համաձայնության չեն գալիս:
6. Եթե վեճի կողմերը չեն ընդունել վեճերի լուծման նույն միջոցը` համաձայն 2-րդ կամ 3-րդ կետերի, և եթե չեն կարողացել լուծել իրենց վեճը 1-ին կետում նշված եղանակով Կողմերից մեկի կողմից մյուս Կողմին իրենց միջև առկա վեճի մասին ծանուցվելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, ապա վեճը հանձնվում է հաշտեցման հանձնաժողովին՝ վեճի որևէ Կողմի խնդրանքով: Ե Հավելվածի II մասի ընթացակարգը կկիրառվի սույն հոդվածով նախատեսված հաշտեցման նկատմամբ: