Հոդված 8
Հոդված 8
Արտանետումները
1. Սույն հոդվածը վերաբերում է սնդիկի և սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «սնդիկի ամբողջություն», դեպի մթնոլորտ արտանետումների հսկողությանը և հնարավորության դեպքում կրճատմանը՝ D Հավելվածում թվարկված աղբյուրների դասին պատկանող սկզբնաղբյուրներից արտանետումների հսկողության միջոցառումներով:
2. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝
(a) «արտանետումներ» նշանակում է՝ դեպի մթնոլորտ սնդիկի և սնդիկի միացությունների արտանետումներ,
(b) «համապատասխան աղբյուր» նշանակում է՝ աղբյուր, որը պատկանում է D Հավելվածում թվարկված աղբյուրի դասերից որևէ մեկին: Կողմը կարող է ցանկության դեպքում սահմանել չափանիշներ D Հավելվածում թվարկված աղբյուրի դասի շրջանակներում աղբյուրների նույնացման համար, եթե որևէ դասի համար մշակված այդ չափանիշները ներառում են այդ դասի արտանետումների առնվազն 75 տոկոսը,
(c) «նոր աղբյուր» նշանակում է՝ որևէ համապատասխան աղբյուր D Հավելվածում թվարկված դասից, որի կառուցումը կամ էական ձևափոխումը սկսվում է հետևյալ ժամկետներից առնվազն մեկ տարի անց.
i) տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կամ
ii) տվյալ Կողմի համար D Հավելվածում փոփոխության ուժի մեջ մտնելու, որով աղբյուրի վրա միայն այդ փոփոխության ուժով տարածվում են սույն Կոնվենցիայի դրույթները,
(d) «էական ձևափոխում» նշանակում է՝ համապատասխան աղբյուրի ձևափոխում, որի հետևանքով զգալիորեն մեծանում են արտանետումները, բացառությամբ օժանդակ արտադրանքի վերականգնման արդյունքում արտանետումների փոփոխության: Կողմը պետք է որոշի՝ արդյո՞ք ձևափոխումն զգալի է, թե ոչ:
(e) «առկա աղբյուր» նշանակում է՝ ցանկացած համապատասխան աղբյուր, որը նոր աղբյուր չէ,
(f) «արտանետումների սահմանաչափ» նշանակում է՝ սկզբնաղբյուրից արտանետվող սնդիկի կամ սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «սնդիկի ամբողջություն», խտության, զանգվածի կամ արտանետումների աստիճանի սահմանային չափ:
3. Համապատասխան աղբյուրներ ունեցող Կողմը ձեռնարկում է միջոցներ՝ վերահսկելու համար արտանետումները, և կարող է մշակել ազգային ծրագիր, որով կնախատեսվեն արտանետումների վերահսկողության համար ձեռնարկվելիք միջոցները և դրանց ակնկալվող թիրախները, նպատակները և արդյունքները: Ցանկացած ազգային ծրագիր ներկայացվում է Կողմերի խորհրդաժողովին այդ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում: Եթե Կողմը, 20-րդ հոդվածի համաձայն, մշակում է Իրականացման ծրագիր, ապա Կողմը կարող է դրանում ներառել սույն կետին համապատասխան մշակված ծրագիրը:
4. Իր նոր աղբյուրների համար յուրաքանչյուր Կողմ կպահանջի արտանետումները վերահսկելու և հնարավորության դեպքում նաև կրճատելու համար առկա լավագույն մեթոդների և լավագույն բնապահպանական գործելակարգերի օգտագործում հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարի հետո: Կողմը կարող է օգտագործել արտանետումների սահմանային արժեքները, որոնք համահունչ են գործող լավագույն մեթոդներին:
5. Իր գործող աղբյուրների համար յուրաքանչյուր Կողմ ցանկացած ազգային ծրագրում պետք է ներառի և իրագործի հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը` հաշվի առնելով իր ազգային հանգամանքները և տնտեսական ու տեխնիկական իրագործելիությունը և ծախսային առումով այդ միջոցառումների մատչելիությունը, հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից տասը տարի հետո.
(a) քանակական նպատակ վերահսկելու և, երբ իրագործելի է, կրճատելու համար համապատասխան աղբյուրներից գոյացող արտանետումները,
(b) արտանետումների սահմանաչափ համապատասխան աղբյուրներից արտանետումները վերահսկելու և, երբ իրագործելի է, կրճատելու համար,
(c) համապատասխան աղբյուրներից գոյացող արտանետումները վերահսկելու լավագույն մեթոդների և լավագույն բնապահպանական գործելակարգերի օգտագործումը,
(d) բազմակի աղտոտիչները վերահսկելու ռազմավարություն, որը կունենա հարակից առավելություններ սնդիկի արտանետումների վերահսկողության համար,
(e) այլընտրանքային միջոցառումներ` կրճատելու համար համապատասխան աղբյուրներից արտանետումները:
6. Կողմերը կարող են կիրառել նույն միջոցառումները բոլոր համապատասխան առկա աղբյուրների նկատմամբ կամ ձեռնարկել տարբեր միջոցներ աղբյուրների տարբեր դասերի նկատմամբ: Կողմի ձեռնարկած այդ միջոցների նպատակը պետք է լինի ունենալ ողջամիտ առաջընթաց ժամանակի ընթացքում արտանետումները կրճատելու հարցում:
7. Յուրաքանչյուր Կողմ, երբ իրագործելի է և ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ամսաթվից հինգ տարի հետո, կազմում է և հետագայում վարում համապատասխան աղբյուրներից գոյացող արտանետումների գույքացանկ:
8. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ պետք է ընդունի ուղեցույցներ հետևյալի վերաբերյալ.
(a) առկա լավագույն մեթոդները և լավագույն բնապահպանական գործելակարգերը` հաշվի առնելով բոլոր տարբերությունները նոր և առկա աղբյուրների միջև և տարբեր միջավայրերի միջև ազդեցությունները նվազեցնելու անհրաժեշտությունը, և
(b) աջակցություն Կողմերին 5-րդ կետում թվարկված միջոցառումների իրականացման հարցում, մասնավորապես` նպատակների որոշման և արտանետումների սահմանաչափերի սահմանման հարցում:
9. Կողմերի խորհրդաժողովը պետք է հնարավորության սահմաններում ընդունի ուղեցույց հետևյալի վերաբերյալ.
(a) չափանիշներ, որոնք Կողմերը կարող են մշակել՝ համաձայն 2-րդ կետի «բ» ենթակետի,
(b) արտանետումների գույքացանկի պատրաստման մեթոդաբանություն:
10. Կողմերի խորհրդաժողովը պետք է պարբերաբար դիտարկի և պատշաճ կարգով արդիականացնի 8-րդ և 9-րդ կետերի համաձայն մշակված ուղեցույցները: Կողմերը հաշվի են առնում ուղեցույցները սույն հոդվածի համապատասխան դրույթները կիրարկելիս:
11. Յուրաքանչյուր Կողմ 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր զեկույցներում ներառում է տեղեկություններ իր կողմից սույն հոդվածի կիրարկման վերաբերյալ, մասնավորապես` տեղեկություններ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկել է 4-7-րդ կետերի համաձայն, և այդ միջոցառումների արդյունավետության մասին: